ՀԳՀՄ-ն նոր նախագահ ունի, Գագիկ Մակարյանը հայտնել է իր իր նախագահության ավարտի մասին

Մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի գործատուների հանրապետական միության երրորդ արտահերթ համագումարը, որի օրակարգային հիմնական հարցերն էին՝

  • Միության նախագահի, Խորհրդի կազմի և վերստուգիչ հանձնաժողովի փոփոխությունները,
  • Միության կանոնադրության փոփոխությունը,
  • Նոր անդամագրված կազմակերպությունների ներկայացումը,
  • Նորընտիր նախագահի թեկնածուի տեսլականի ներկայացումը Միության հետագա զարգացման վերաբերյալ։

Համագումարին մասնակցում էին 152 պատվիրակներից 136-ը, ովքեր բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։

Միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրել է Միության 41 հիմնական գործառույթները և 16 տարիների գործունեության ընթացքում առանցքային ձեռքբերումները։ Գ․ Մակարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին երկար տարիների պտղաբեր և արդյունավետ համագործակցության համար և հայտարարեց իր նախագահության ավարտի մասին։

Համագումարի ընթացքում առաջադրվել է Միության նոր նախագահի թեկնածու՝ Վահագն Համբարձումյանը, ով ներկայացրել է իր տեսլականը Միության հետագա զարգացման վերաբերյալ, ռազմավարական քայլերը, առաջիկա նախաձեռնությունները, կրթական բաղադրիչի ներդրման կարևորությունը, ինչպես նաև Միության անդամների միջև փորձի փոխանակման ծրագրերը։ Վահագն Համբարձումյանը ընդգծեց նաև Միության կազմում փորձագիտական հանձնաժողովի կազմավորման անհրաժեշտությունը։ Ներկայացվեցին նաև Միությանը նոր անդամագրված թվով հարյուր կազմակերպությունները։ 

Համագումարի պատվիրակները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին Վահագն Համբարձումյանի թեկնածությանը և նրան ընտրեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ։

Միաձայն կողմ քվեարկությամբ ընտրվել է նաև Միության Խորհրդի նոր կազմը և Վերստուգիչ հանձնաժողը։