90 մլն եվրո գումարով կառուցվում է Վեդու ջրամբարը

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները գործադիր տնօրենի տեղակալ Բերտրան Ուոլքենաերի գլխավորությամբ այցելել են Վեդու ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Նրանց ուղեկցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։
Վեդու ջրամբարը կառուցվում է ՀՀ Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարային/ազատ հոսքը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 29․4 մլն մ3։
Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն եվրո։
Վեդու ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ։ Ջրամբարի պատվարի շինարարությունն արդեն ավարտական փուլում է։ Ավարտված են ջրի փոխադրող ու ոռոգման համակարգերի շինարարական աշխատանքները, իսկ փորձնական տարածքներում ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքները շարունակվում եմ և կավարտվեն սահմանված ժամկետում՝ այս տարեվերջին։