Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով կատարվում են մասնակի քանդման աշխատանքներ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համատեղ  ձեռնարկել է խիստ միջոցներ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գևորգ Խրիմյանից և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանից, ծրագիրն իրականացնող կապալառու ընկերության հետ Քաղաքաշինության կոմիտեն և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է՝ իր միջոցներով քանդել խնդրահարույց տեղամասերը և հետագա շինարարական աշխատանքները կատարել հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից տրվող նախագծային նոր լուծումներին համապատասխան։ Այդ նպատակով մայիսի 21-ին շինհրապարակ են այցելել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիք մարզպետի աշխատակազմի, հեղինակային հսկողությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները։ Կախված արձանագրված խնդիրների բնույթից՝ նրանք տվել են ամբողջական կամ մասնակի քանդման և վերականգնման ցուցումներ։

Գեղարքունիքի մարզի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Գրիգորյանշին» ՍՊ ընկերության միջև 2020 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է պայմանագիր։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ ներառյալ ապաստարանի կառուցումը, կազմում է շուրջ 647․7 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ աշխատանքների ավարտ էր սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 18-ը։

Սակայն 2024 թվականի մայիսի 21-ի դրությամբ ծրագրի շինարարական աշխատանքները դեռևս մնում են անավարտ, մինչ օրս փաստացի կատարված աշխատանքների համար վճարվել է շուրջ 255․2 միլիոն դրամ։

Ծրագրի հեղինակային հսկողությունն իրականացնում է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Շինսերտիֆիկատ» ՍՊ ընկերությունը։

Աշխատանքային նախագծով նախատեսված է կառուցել 144 աշակերտի համար նախատեսված տիպային դպրոցի շենք, որի երկու սենյակները ծառայելու են որպես նախակրթարան։ Ըստ գլխավոր հատակագծի՝ նախատեսված է սպորտային հրապարակ, վազքուղի, ջերմոց, տնտեսական բակ, ավտոկայանատեղի, արևային մարտկոցների տեղադրման տարածք, լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան

«Իրականացված անորակ շինարարության համար մեկ անգամ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ պահանջով դեռ 2021 թվականին  քանդվել է բետոնյա ծածկը և նորից կառուցվել, սակայն այդուհետ էլ կապալառու կազմակերպությունը շարունակել է անորակ շինարարությունը։ Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ պայմանագրային պարտավորությունները կատարել պատշաճ որակով։ Քաղաքաշինության կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի  մոտեցումը հստակ է՝ իրականացված որևէ  անորակ աշխատանք չի ընդունվելու։

Ավելի վաղ Քաղաքաշինության կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները շինհրապարակ կատարած այցերի ընթացքում պարզել էին, որ օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են մի շարք թերություններով։ Արձանագրվել էին նախագծային բազմաթիվ շեղումներ միաձույլ երկաթբետոնե սյուների բետոնացման, տանիքի մետաղական կոնստրուկցիաների տեղադրման և այլ գործընթացներում։

Խնդրի լուծման համար Քաղաքաշինության կոմիտեն ձևավորել է հանձնաժողով, որի կազմում կոմիտեի մասնագետներից բացի ներառվել են նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության մասնագետները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մանրամասները՝ այստեղ