Առաջարկվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա եւ շրջհարկի համակարգի հարկային բեռերի միջեւ տարբերությունը
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության ծրագրով նախանշված հարկային քաղաքականության եւ, մասնավորապես, հարկման այլընտրանքային համակարգերին վերաբերող կարեւոր նպատակների իրագործմամբ: Առաջինը վերաբերում է հարկման այլընտրանքային համակարգերին եւ, մասնավորապես, շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգի շրջանակում ձեւավորվող հարկային բեռը մոտարկելուն: Խնդիրն այն է, որ շրջանառության հարկի համակարգը ներդրվել է հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք ապահովելու, փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառում եւ մեղմ հարկային վարչարարություն ապահովելու նպատակով:
«Իրականությունն այն է, որ շրջանառության հարկի դրույքաչափերն էականորեն ավելի ցածր են, քան գործունեության միեւնույն տեսակը հարկման ընդհանուր համակարգում կազմակերպելու պարագայում ձեւավորվող ԱԱՀ-ի եւ շահութահարկի հանրագումարային բեռն է: Այս առումով Կառավարությունում վերլուծություններ են կատարվել երկու տարի շարունակ, եւ պատկերը հետեւյալն է՝ վերամշակող արդյունաբերության ոլորտում, օրինակ, շրջհարկի բեռը երկու անգամ ավելի ցածր է, քան հարկման ընդհանուր համակարգում: Շինարարության եւ մանրամեծածախ առեւտրի ոլորտում տարբերությունը հասնում է 2,6 անգամի, զբոսաշրջության եւ ռեստորանային գործունեության ոլորտում ընդհուպ 3 անգամի: Բացառություն են միայն այն ոլորտները, որտեղ իրականացվող գործունեությունն ազատված է ԱԱՀ-ից»,- պարզաբանել է Ֆինանսների փոխնախարարը:
Երկրորդ նպատակն այն է, որ տնտեսական խթաններ ներդրվեն շրջհարկ վճարողների կողմից գործարքները փաստաթղթերով հիմնավորելու համար: «Այսօր շրջանառության հարկի համակարգում ունենք տարբեր կանոններ, մասնավորապես՝ առքուվաճառքի գործունեության պարագայում հարկը հաշվարկվում է որպես իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված տոկոս, որից թույլատրվում է նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ծախսի որոշակի տոկոսը՝ պայմանով, որ նվազագույն հարկը չպետք է ցածր լինի օրենքով սահմանված շեմից: Այդ նույն հնարավորությունը տրված չէ այլ գործունեության տեսակների համար, մասնավորապես՝ արտադրական գործունեության, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործունեության տեսակների համար»,- նշել է Արման Պողոսյանը: Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ վերոնշյալ գործունեության տեսակներով զբաղվողները եւս կարողանան իրենց համար հաշվարկված հարկից, որը կլինի արդեն որոշակիորեն բարձր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկ, նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի որոշակի տոկոսը:
«Կարեւորն այն է, որ փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների որոշակի շեմից բարձր շեմ ունեցող տնտեսավարողների համար ոչ թե հարկային բեռի բարձրացում է լինելու, այլ հնարավորություն է ստեղծվելու ընդհուպ նվազեցնել գործող հարկային բեռը»,- պարզաբանել է փոխնախարարը:
Երրորդ նպատակն այն է, որ վերաիմաստավորվեն հարկման ընդհանուր համակարգերն այն տրամաբանությամբ, որ միկրոձեռնարկատիրության կամ փոքր ձեռնարկատիրության հատկանիշներով չբնութագրվող գործունեության տեսակները (որովհետեւ այդչափ պարզունակ չեն եւ իրենց բնույթով, ըստ էության, աչքի են ընկնում շահութաբերության որոշակի բարձր աստիճանով) տեղափոխվեն ավելի արդար հարկային միջավայր, արդյունքից կախված միջավայր եւ լինեն հարկման ընդհանուր համակարգում:
Առաջարկվում է շրջհարկի համակարգից դուրս բերել փաստաբանական, նոտարական գործունեության տեսակները եւ վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից դուրս բերել մարզերում առքուվաճառքի գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի ծառայությունների մատուցումը, սաունաների, բաղնիքների, շոգեբաղնիքների կազմակերպումը, ավտոտեխսպասարկման կայանների գործունեությունը, միջնորդական գործունեությունը, ծրագրային ապահովումը, փորձաքննությունը, շինարարությունը եւ համանման գործունեության այլ տեսակներ:
Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են նախաձեռնության վիճահարույց դրույթներին, նշել, որ գործունեության որոշ տեսակների, մասնավորապես՝ փաստաբանական ծառայությունների համար հավելյալ բեռի ավելացում է լինելու:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանին հետաքրքրել է այն հարցը, թե ինչ է լինելու ԱԱՀ-ի տիրույթում աշխատող այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք 2025 թվականի հունվարի մեկից պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի տիրույթ, սակայն այդ ընթացքում գործարքներ են կատարել, հաշվանցել ԱԱՀ-ն կամ հետ են ստացել: «Նախագծով դրանք պետք է վերանայվեն, այսինքն՝ հետադարձ ուժ պետք է ունենա այդ իմաստով: Դուք այստեղ խնդիր չեք տեսնո՞ւմ»,- հարցրել է պատգամավորը:
Պատգամավորի մտահոգությանն արձագանքելով՝ Ֆինանսների փոխնախարարը պարզաբանել է, որ ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կկատարեն տնտեսավարող սուբյեկտները եւ այն ժամանակահատվածում, որում կհամարվեն ԱԱՀ վճարողներ: Հաշվանցման հնարավորություն չեն ունենա այն տնտեսավարողները, որոնք ինչ-որ պահից սկսած հետ ստանալով ԱԱՀ-ի հարկի գումարները՝ տեղափոխվել են հարկման այլընտրանքային համակարգեր՝ տվյալ դեպքում շրջհարկի համակարգ: Ըստ Արման Պողոսյանի՝ գործող կարգավորումները որոշակի հարկային պլանավորման եւ գուցե անարդարացի հարկային տնտեսումներ ունենալու հնարավորություն են ստեղծում: «Մեր առաջարկը միտված է այդ հնարավորության սահմանափակմանը»,- ասել է զեկուցողը եւ համաձայնել, որ առաջարկվող միջամտությունը պետք է զգուշորեն քննարկվի, այդչափ չվատթարացնի տնտեսավարող սուբյեկտների հնարավորությունը, քանի որ վերջիններս իրենց որոշումները կայացրել են այլ միջավայրում: Փոխնախարարն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ կկազմակերպվեն կա՛մ քննարկումներ, կա՛մ խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: