«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել

Արցախցի Սարգսյանների՝ առանց ծնողական խնամքի մնացած հինգ երեխաների  ընտանիքում ուրախալի իրադարձություն է: Մասիս քաղաքում նրանք արդեն իրենց սեփական բնակարանն ունեն։ Այն ձեռք է բերվել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի oժանդակությամբ։

Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից բռնի տեղահանումը Սարգսյանների ընտանիքի համար կրկնակի ողբերգություն դարձավ։ Հայաստան տեղափոխվելու և փրկվելու համար բենզին որոնելու դուրս եկած Սաշային և Լիանային երեխաները վերջին անգամ ողջ տեսան սեպտեմբերի 25-ին` Ստեփանակերտի բենզինի պահեստի աղետալի պայթյունի օրը։ 12-ամյա Նարեն, 13-ամյա Նանարը, 16-ամյա Ալեքսը, 17-ամյա Էլենը և 21-ամյա Սվետլանան Հայաստան տեղափոխվելուց հետո տատիկի հետ բնակվում էին ժամանակավոր կացարանում։

Բնակարանի ձեռքբերման համար «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 25 մլն ՀՀ դրամ է տրամադրել Սարգսյանների ընտանիքին: Ընտանիքի սոցիալական հոգսը թոթափելու համար՝ ընկերությունն ընտանիքին գումարը տրամադրել է աղետալի պատահարից հաշված օրեր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին։