Ջրատարը հայտնվել է ջրի տակ, դադարեցված է Լոռու եւ Տավուշի մի շարք համայնքների ջրամատակարարումը

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Դեբետ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքաների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ․ Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ եւ Փոքր գյուղերի ջրամատակարարումը։ Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ։
Աղստեւ գետի վարարման և հունից դուրս գալու հետևանքով ևս խնդիրներ են առաջացել ջրամատակարարման համակարգում: Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը:
Քանի որ Դիլիջան քաղաքը ջուր է ստանում լեռնային մակերեւութային գատեկներից, իսկ գետերն այս պահին չափազանց պղտորված են, և քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման 3 կայանները կառուցվածքային առումով նախատեսված չեն այսչափ պղտորությունը մաքրման ենթարկելու համար, ապա դադարեցվել է նաեւ Դիլիջանի ջրամատակարարումը:
Գետի վարարման հետևանքով վթարվել է «Գմբեթի» ջրաղբյուրի ջրագիծը, ինչի հետևանքով դադարեցվել է այստեղից սնվող Գանձասար գյուղի ջրամատակարարումը:
Ջրի տակ են մնացել «Լուսաձոր» և «Գետափնյա» պոմպակայանների պոմպերը: Դադարեցված է նաև այստեղից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը:
Լոռու մարզում գտնվող «Մայմեխ» ջրաղբյուրի պղտորման հետևանքով էլ դադարեցված է Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի ջրամատակարարումը: