Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է Մեղվաբուծության համահայկական ֆորումին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 25-ին մասնակցել է Մեղվաբուծության համահայկական ֆորումին։ Համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Կարևորելով մեղվաբուծությունը խթանելու հանգամանքը՝ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է մեղվաբուծությանն աջակցող ծրագիր, որը ներկայացվել է Կառավարության հաստատմանը և կնպաստի սահմանամերձ համայնքների մեղվաբուծության զարգացմանը», - նշել է Տաթևիկ Սարգսյանը։
Միջոցառման ընթացքում ելույթներ են հնչել Հայաստանի Հանրապետությունում մեղվաբուծության զարգացման նախադրյալների, մեղուների օրգանական բուժման, բուժական մեղրի արտադրման, խելացի մեղվաբուծական տնտեսության կառուցման, արտադրական մեղվաբուծության, մեղրի արտահանման ներուժի և հեռանկարների վերաբերյալ։
Մասնակիցներն անդրադարձել են նաև մեղվաբուծությունում կանանց դերին, ոլորտային նորարարությունների կիրառմանը, մայրաբուծության զարգացման անհրաժեշտությանը, փեթակների ստանդարտներին և հումքի որակին, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։