2023 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 14.6 տոկոսով
«2023 թվականին ավելացված արժեքի գծով վերադարձրել ենք բիզնեսին՝ հաշվանցումներ, դեբեդներ և այլն, 288 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 197 մլրդ դրամով կամ 3.2 անգամ»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ մենք այսքան լրացուցիչ բիզնեսին գործունեության հնարավորություն ենք տվել: Բայց դա էլ պետք է ասեմ, որ մենք տեսնում ենք նաև, որ սա մեծ թվերի մեջ չարաշահումների տեղ է թողնում: Ընդհանրապես՝ մենք չպետք է նաև խորշենք մեր պոզիտիվ քաղաքականությունները, եթե դրանք լայնորեն չարաշահվում են, հետ պտտել»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ 2023 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 14.6 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 12.4 տոկոսով: Իրական աշխատավարձը, եթե ներառենք գնաճը, ինչքան ավելի աշխատավարձ է ստանում մարդը, թանկացումից ինչքա՞ն ավելի աշխատավարձ է ստանում մարդը, և նախորդ տարի այդ թիվը կազմել է 12,4 տոկոս: Աշխատող մարդը, որովհետև երբ մենք ասում ենք, որ մարդն այսքանով ավելի շատ է վաստակել, սա շատ քննարկման հարց է դառնում, բայց խոսքն աշխատող մարդու մասին է, չաշխատող մարդը ոչ մի բան էլ ավելի չի վաստակել, որովհետև չի աշխատել, որը շատ պարզ տրամաբանություն է:
Եվ շատ կարևոր է արձանագրել, որ իրական աշխատավարձը 2018 թվականի համեմատ՝ 2023-ի արդյունքներով աճել է 34 տոկոսով: Գնաճային նույնիսկ շոկեր ենք մենք ունեցել, բայց բոլոր թանկացումներից ավելի մեր մոտ իրական աշխատավարձն 2018 թվականից ի վեր աճել է 30 տոկոսով: