Պարզեցված ընթացակարգեր՝ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար
Գործադիրն այսօրվա նիստում սահմանել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար օրինապահության չափանիշներ և դրանց հիման վրա անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման կարգավորումներ։ Արդյունքում՝ համապատասխան չափանիշներին բավարարող անձանց համար կնախատեսվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր՝ կրճատելով տնտեսվարողների ժամանակային և ֆինանսական ծախսերը, իսկ մաքսային մարմինների համար հնարավորություն կստեղծի մաքսային հսկողության միջոցառումներն ուղղել առավել ռիսկային ոլորտներ՝ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է. «Այս նախագծով ևս մենք քայլ ենք իրականացնում ՀՀ կառավարության ծրագրով նախանշված ուղղություններից մեկով, ըստ որի՝ ունենք քաղաքականություն, որ օրինապահ հարկ վճարողների կյանքը հնարավորինս անհրաժեշտ է պարզեցնել, զերծ պահել ավելորդ հսկողությունից և վարչարարությունից, փոխարենը՝ ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հարկային վարչարարություն և մաքային վարչարարություն իրականացնել ավելի ռիսկային ոլորտներում և ռիսկային հարկ վճարողների մոտ»:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ որոշմամբ մաքսային ոլորտում օրինապահ հարկ վճարողին խրախուսելու գաղափարն է իրագործվում: Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային օրենսդրությամբ արդեն նմանատիպ համակարգ գործում է և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող սուբյեկտներին տալիս է մի շարք առավելություններ, օրինակ՝ ԿԲ-ի կանոնակարգերով նախատեսված է վարկի տրամադրման համար ավելի ցածր ռիսկայնություն, նախատեսված է, որ ԱԱՀ-ի վերադարձի առավելագույն ժամկետն է ավելի կրճատ նման հարկ վճարողների համար: «Ներկայացնեմ, թե մաքսային ոլորտում ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տնտեսվարող սուբյեկտներն օրինապահ դիտվելու, հավաստագիր ստանալու համար և ինչ առավելություններից կարող են օգտվել: Անձը պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում, ԱԱՀ վճարող լինի, ժամկետանց պարտավորությունների բացակայություն պետք է լինի, հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, սկսված և չավարտված մաքսային ստուգումների բացակայություն, տվյալ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթների բացակայություն և այլ մի քանի չափանիշ»,-ասել է ՊԵԿ նախագահը:
Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նաև, թե օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանալուց հետո ինչ առավելություններ կարող են ունենալ: Մասնավորապես, պարզեցված ընթացակարգերից կարող են օգտվել. մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացում, մաքսային հսկողության առանձին ձևերի առաջնահերթ իրականացում, ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգերի կիրառություն, մաքսային գործառնություններին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, նախնական հայտարարագրման ընթացակարգի կիրառության միջոցով ապրանքների բացթողում սահմանային մաքսային կետերում:
ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ նախնական մաքսային հայտարարագրման համակարգն արդեն 2 տարի կիրառվում է: 2022 թվականի համեմատ համակարգից օգտվողների թվի 173 տոկոսով աճ է արձանագրվել. «Եթե 2022 թվականին 3976 բեռնատար սպասարկել ենք այս համակարգի միջոցով, ապա 2023-ին՝ 16 746 բեռնատար: Այսինքն՝ օգտվողների քանակը 4.2 անգամ ավելացել է: Մեր հաշվարկով՝ միայն 2024 թվականին 200 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտները խնայել են մաքսազերծման պրոցեսում այս համակարգից օգտվելու միջոցով»:
Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նաև մաքսային այլ ընթացակարգերի պարզեցման վիճակագրական տվյալներ. «Մենք ունենք երկակի և ռազմական նշանակության կոդերով ապրանքներ, և որպեսզի կողմնորոշվենք, թե մաքսազերծման պրոցեսում թույլատվական փաստաթուղթ անհրաժեշտ է, թե ոչ, կան երկու տարբեր հավատարմագրման մարմիններ: Դրանք հիմնականում երկուսն են, որոնք որոշակի վճարի դիմաց տալիս են եզրակացություն՝ այդ ապրանքի թույլատվական փաստաթղթի համար անհրաժե՞շտ է դիմել համապատասխան մարմին, թե՞ ոչ: Ռազմական նշանակության ապրանքների դեպքում այդ վճարի չափը 12 հազար դրամ է, իսկ երկակիի դեպքում՝ 60 հազար դրամ: Մենք տեսել ենք, որ մի շարք դեպքերում նման անհրաժեշտութուն չկա 2-3 օրով ներմուծման պրոցեսը երկարացնելու, որպեսզի դիմեն այդ մարմիններին և վճարի դիմաց ստանան այդ փաստաթղթերը: Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի մոտ ավելացրել ենք գործառույթ, որպեսզի ինքներս գնահատենք և եթե անհրաժշետ չէ նման փաստաթուղթ, այլևս չուղղորդենք հավատարմագրման մարմիններ: Եվ մեկ ամսվա վիճակագրությունն այդ մասով հետևյալն է՝ 2-4 աշխատանքային օրով կրճատել ենք մաքսազերծման գործընթացը և տնտեսվարողների համար ընդամենը 1 ամսում խնայել ենք 13 մլն դրամի լրացուցիչ պարտավորություններ»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Այս և նախորդիվ կայացված որոշումների իմաստը հետևյալն է, որ ինչքան տնտեսվարողն օրինապահ է, մենք իրեն այնքան շատ ենք վստահում և ինչքան շատ ենք վստահում, այնքան քիչ ենք ստուգում: Այս և նման որոշումներով ձևավորվում է այն ստանդարտը, թե որ դեպքում ենք ավելի շատ վստահում և ինչ չափանիշներ պետք է ունենա ընկերությունը, որպեսզի ներմուծելիս և արտահանելիս ավելի քիչ ստուգվի: Սա մի գործընթաց է, որը տեղավորվում է մեր տնտեսական գործունեության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու ռազմավարության մեջ, որպեսզի օրինապահ հարկ վճարող գործարարները ոչ միայն խոչընդոտ չզգան, այլև զգան պետության և կառավարության աջակցությունը: Բովանդակության առումով լավ որոշում է, մնում է, որ պրակտիկան էլ համապատասխանի այն բովանդակությանը և նպատակադրումներին, որը մենք ձևակերպել ենք բազմաթիվ փաստաթղթերում և շեշտադրումներում»: