Փոխվարչապետը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունները կյանքի կոչելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՀՀ փոխվարչապետի խոսքերը, ով Մինսկում մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

«ԵԱՏՄ անդամ երկրների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան մեզ հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ցանկանում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունները կյանքի կոչելու համար», - ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետը նաև հավելել է, որ պարենային անվտանգության խնդիրը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ,  մեկնել է Մինսկ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։