Իրանը դեկտեմբերի վերջին կարող է ստանալ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ. Օվերչուկ

Իրանը այս տարվա դեկտեմբերի վերջին կարող է ստանալ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Բելառուսում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով։ «Կան որոշակի ընթացակարգեր, եթե դրանք պահպանվեն, ապա, սկզբունքորեն, ԵԱՏՄ-ում Իրանի դիտորդության մասին որոշումը կարող է կայացվել մոտավորապես ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը հայտարարել էր, որ Իրանը հայտ է ներկայացրել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։

Ներկայումս ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ ԵԱՏՄ դիտորդներն են Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան։

Աղբյուրը՝     civic.am