Առաջարկվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ
«Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման ու հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Զեկուցողը նշել է, որ Հարկային օրենսգրքում դրվել է միասնական հաշվի գաղափարը, վերացվել են առանձին գանձապետական հաշիվները: Պետական տուրքի պարագայում, սակայն, գանձապետական հաշվի առկայությունն ու միասնական հաշվի բացակայությունը ստեղծում են հիմքեր, երբ ավտոմատ հաշվառման անցնելու հնարավորություն չի լինում: Առաջարկվում է պետական տուրքի մասով եւս սահմանել միասնական հաշիվ, որտեղ կհաշվառվեն հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունները: Այդտեղ չեն հաշվառվի լիցենզիա, թույլտվություն կամ որոշակի իրավունք տալու համար առաջին տարեկան պետական տուրքերը, նաեւ լիցենզիայի վերաձեւակերպման, փոխարինման կամ նմանատիպ այլ տուրքերը:
Ներդրվող համակարգով պետական մարմինների կողմից պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման ժամանակ գրանցամատյաններում ավտոմատ կներբեռնվի այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է պետական տուրքի հաշվառման համար: Կտրվեն հաշվառումը վարելու համար անհրաժեշտ կարգավորումները: Արթուր Մանուկյանի խոսքով լիցենզիայի գործողությունը դադարելու դեպքում գործող մեխանիզմների պարագայում ստեղծվում էր անհավասար վիճակ, երբ դադարեցման դիմումը ներկայացնելու դեպքում տուրք վճարողը կա՛մ վճարած էր լինում, կա՛մ վճարած չէր լինում: Այդ ժամանակ գործող օրենսդրությամբ տարբեր կարգավորումներ են գործում: «Հստակեցում ենք, որ ավելի արդարացի իրականացվի պետական տուրքի գանձումը»,- պարզաբանել է ՊԵԿ փոխնախագահը:
«Լիցենզավորման մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում նոր կարգավորումներով կնախատեսվի գրանցամատյաններում պարտադիր բնութագրման ենթակա այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է՝ ավտոմատ փոխանակման ժամանակ հարկային մարմինների կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառումն ավտոմատ իրականացնելու համար: Հստակեցում կա նաեւ անհատ ձեռնարկատիրոջ մասով. վերջինիս գործունեության դադարեցումը հիմք չի հանդիսանալու պետական տուրքի պարտավորություններ չհաշվարկելու համար:
Օրենսդրական փաթեթն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի մեկից:
Հարցը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: