Աղետի գոտում համաճարակային իրավիճակը կառավարելի է, բռնկումներ չկան․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով աղետի գոտում տիրող համաճարակային իրադրությանը և դրանց առաջացման ռիսկերին, հայտարարել է, որ այս պահի դրությամբ այդ առումով իրավիճակը կառավարելի է, բռնկումներ չեն գրանցվել։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում։

«Ամենօրյա աշխատանք է տարվում․ նախ ջրի հետազոտություններ են իրականացվում, բակային այցեր են իրականացվում հասկանալու համար՝ մաքրման աշխատանքներից հետո ի՞նչ ռիսկեր կան և ինչ պետք է արվի։ Այս պահի դրությամբ վիճակը կառավարելի է․ որևէ բռնկում կամ շեղում չունենք», - ասաց նախարարը՝ նշելով, որ այդ կանխարգելիչ աշխատանքները շարունակվելու են ։

Նախարարը նշեց, որ աղետի գոտի այցելության ընթացքում եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում, Նոյեմբերյան քաղաքում, մի շարք այլ բնակավայրերում։

«Մեր թիմն աշխատում է միասնական կերպով, և կարծում եմ՝ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ առողջապահական առումով խնդիրներ չունենք», - ասաց նա՝ հավելելով, որ համաճարակային խնդիրներ ունենալու դեպքում առողջապահության համակարգը պատրաստ է, բերված է պատշաճ մակարդակի։

Նա նշեց, որ այդպիսի իրավիճակներում ցանկացած պահի էլ համաճարակային բռնկումների տեսական ռիսկ կա, սակայն հենց կանխարգելիչ աշխատանքների միջոցով է, որ պետք է զրոյացնել այդ ռիսկերը։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում: