ՆԳՆ. Պայթած գազալցակայանի հեղուկ գազի բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ժամը 08։51-ի դրությամբ՝ հեղուկ գազի բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության` հունիսի 7-ի ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ:
Դեպքի վայրում ընդհանուր աշխատանքները ղեկավարել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 7 տուժած։ Նրանցից մեկը՝ 17-ամյա պատանին, բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Հոսպիտալացվածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։
ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։