Հայ-վրացական հուշագիր` միջմշակութային կապերը ամրապնդելու նպատակով
Հայ-վրացական բարեկամական կապն ամրացնելու, երկու ժողովուրդների միջմշակութային երկխոսությունը խթանելու և Հայաստանը միջազգային շուկայում առավել ճանաչելի դարձնելու նպատակով արդեն երկրորդ տարին է ինչ Տուրիզմի հայկական ֆեդերացիան Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է հայ-վրացական փառատոն, որը համեմված է երկու ազգերի մշակութային և խոհանոցային տարրերով: Փառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 22-ին, Դիլիջանում:
Հենց այդ օրը ժամը՝ 16:00-ից սկսած զբոսաշրջային քաղաքն իր շուրջ է համախմբելու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերին՝ նրանց հնարավորություն տալով մեկ վայրում ծանոթանալ երկու երկրների մշակույթին: Փառատոնի անվան ու անցկացման վայրը պատահական չի ընտրված: Ի պատիվ Հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող հանրահայտ ֆիլմի՝ փառատոնը ստացել է «Միմինո» անվանումը: Ֆիլմում երկու ընկերներին մարմնավորված մեծանուն արտիստներ Մհեր Մկրտչյանի և Վախթանգ Կիկաբիձեի փայլուն դերակատարման շնորհիվ ավելի ամրապնդվեց հայ-վրացական դարավոր կապը: Ֆիլմում երկու ընկերների ծննդավայր հանդիսացող հայկական Դիլիջանն ու վրացական Թելավին առանցքային դեր ունեն փառատոնի անցկացման ընտրության հարցում:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հենց այդ խորհրդով է բացատրում փառատոնի կազմակերպումը Դիլիջանում: Նպատակ ունեն, այն հաջորդ տարի անցկացնել նաև Վրաստանի Թելավի քաղաքում: Ապրեսյանի խոսքով փառատոնի հիմնարար նպատակը՝ երկու երկրների համագործակցությամբ միասնական զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը նպաստելն է: Կարևորելով նաև այն փաստը, որ այն օգնում է որպեսզի մեր երկիրն աշխարհին ներկայանա որպես կայուն ու ապահով, զբոսաշրջության համար գրավիչ երկիր: Փառատոնի ողջ ընթացքն ուղեկցվելու է հայ-վրացական ազգային երգ ու պարով, խոհանոցային բազմատեսակ ճաշատեսակների համտեսմամբ :
Ինչպես ֆիլմը, այնպես էլ այս փառատոնը միտված է Կովկասյան ամենահին երկու ազգերի փոխշփման բարձրացմանն ու միմյանց ազգայինը ճանաչելի դարձնելու շնորհիվ նպաստել դարերով հարևան պետությունների՝ տնտեսական, մշակութային կապերի ընդլայնմանը:
Հունիսի 6-ին Մեգերյան Կարպետ գորգերի ցուցադրման սրահում Տուրիզմի հայկական ասոցիացիայի և Վրաստանում CARE CAUCASUS կին գործարարների ասոցիացիայի միջև կնքվեց հուշագիր:
Այս ասոցիացիան իր շուրջն է միավորում Վրաստանի կին գործարաներին: Ասոցիացիայի գլխավոր նպատակն է բնակչության սոցիալական որակի բարձրացումը, ինչպես նաև տարածաշրջանում հասնելու կայունության ու խաղաղության: Համագործակցային այս հուշագիրը նպատակ ունի այստեղ համախմբել Վրաստանի կին գործարարներին և առանձին տաղավարներով ներկայացնել նրանց գործունեությունը:
Ասոցիացիայի նախագահ Նազի Բուրդուլաձեն էլ նշեց, որ Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը և, որ տպավորված են հայերի հյուրասիրությամբ: Բուրդուլաձեն կարևորեց փառատոնի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով որ այս համատեղ նախաձեռնության շնորհիվ երկուստեք ձեռք են բերում աշխատանքային մեծ փորձառություն: Նմանատիպ ծրագրերը ուղղված են զարգացնելու երկրների տնտեսական ներուժը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ի հետ սա առաջին համագործակցությունը չէ: Հայ ազգային խոհանոցի պահպանման ջատագով Սեդրակ Մամուլյանի հետ միասին նմանատիպ մի ծրագիր արդեն իրականացրել են նաև հայ-իրանական միջմշակութային հաղորդակցության բարձրացման նպատակով:
Այս և նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական, վստահեցրեց Մեխակ Ապրեսյանը: