2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում. Մարտունի համայնք, Վարդաձոր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 և 2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել են 10,12 և 16-րդ փողոցները, կառուցվել խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար և միացնող ջրատար։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից և Մարտունու համայնքապետարանից։
Վարդաձորում սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 139 553 820 դրամ, որից 77 միլիոն 776 հազար 835 դրամը ՀՀ կառավարության, 61 միլիոն 776 հազար 985 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։
Վարդաձորի 16-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 820 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Վարդաձորի 16-րդ փողոցն ասֆալտապատվել է 760 գծամետր երկարությամբ և 3460 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել սեպտեմբերի վերջերին։
16-րդ փողոցը միաժամանակ Վարդաձորի գերեզմանոց տանող ճանապարհն է, ուստի ծրագրի շահառու են հանդիսանում գյուղի բոլոր բնակիչները։
Վարդաձորի 10 և 12-րդ փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 733 հազար 670 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերին և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Վարդաձորի 10 և 12-րդ փողոցներն ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 600 մետր երկարությամբ և 2500 քառակուսի մետր մակերեսով։
Վարդաձորի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի և սնուցող ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի 1-ից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 50 խորանարդ մետր տարողության ջրամբար և 2650 մետր երկարության ջրատար։
Ծրագրի իրականացման շնորհիվ Վարդաձորի 7 փողոցների և Ալաշկերտի փողոցի զգալի հատվածի շուրջ 150 տնտեսություններ ապահովվել են խմելու ջրի որակյալ ու շուրջօրյա մատակարարմամբ: