Կադաստրի կոմիտեում քննարկվել են մարզկենտրոններում խորհրդատվական կենտրոններ ունենալու նախագծին վերաբերող հարցեր
Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Քննարկվեցին օրակարգում ներառված հրատապ և ընթացիկ հաձնարարականները։ Այս մասին հաղորդում են Կադաստրի կոմիտեից։
Կոմիտեի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝ սահմանափակումների և իրավական փաստաթղթերը էլեկտրոնային ներկայացնելու համակարգի ներդրման և արդյունավետ գործարկման համար։
Էլեկտրոնային դիմումների շարունակական աճով պայմանավորված` կներկայացվի տեխնիկական առաջադրանք, որտեղ տվյալների բազան կտարանջատվի երկու մասի՝ սուբյեկտներ, որոնք նույնականացում չունեն և սուբյեկտներ, որոնց տվյալները ճշտված են։
Պատասխանատուների հետ քննարկվել են մարզկենտրոններում խորհրդատվական կենտրոններ ունենալու նախագծին վերաբերող հարցեր: Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել խորհրդատվական կենտրոնների վերանորոգման և կահավորման աշխատանքները:
Առաջիկայում կմշակվի և կներկայացվի համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծ, որի համաձայն դատարաններից ստացվող բոլոր փաստաթղթերը՝ որոշումները, վճիռները, այսուհետ Կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային համակարգով։
Կադաստրային արժեքի յուրաքանչյուր փոփոխություն ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային համակարգում արձանագրելու համար կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությանը հանձնարարվեց մշակել տեխնիկական առաջադրանք՝ թվային համապատասխան գործիքակազմ ապահովելու համար։
Մինչև 2024 թվականը հաշվառված ինքնակամ շինությունների փաթեթները պարտադիր կմուտքագրվեն գույքահարկի բազայում և կարտացոլվեն քարտեզներում: