Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն՝ Վարդենիս համայնքում

Սիրով տեղեկացնում ենք, որ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական ջանքերի, հետևողականության շնորհիվ և <<Կամրջակ>> ՍԲՀԿ֊ի նախագահ Մարիա Գորիսի աջակցությամբ՝ հունիսի 17-ին Վարդենիս համայնքում իրականացվեց աննախադեպ ծրագրի՝ տարեցների խնամքի ժամանցային կենտրոնի մեկնարկը և հանդիսավոր բացման արարողությունը։
Կենտրոնի բացմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը՝ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, <<Կամրջակ>> ՍԲՀԿ֊ի նախագահ Մարիա Գորիսը, Վարդենիսի հոգևոր հովիվ տեր Հարություն քհն. Հունանյանը և այլք։
Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունեց ներկաներին և նշեց․ <<Այս կենսական, մարդասիրական նշանակություն ունեցող հրաշալի ծրագիրն այսօր կյանք է առնում․․․ Վարդենիս քաղաքում այսուհետ կգործի Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ մեր համայնքի հարգարժան տարեցները կկարողանան հաճախել և իրենց պաշտպանված ու հոգատար ձեռքերում զգալ։
Մեր տատիկ-պապիկների համար շատ կարևոր է շփումը և դրական վերաբերմունքը, ամենօրյա խնամքն ու ուշադրությունը: Վարդենիս համայնքի տարեցների ժամանցային ցերեկային կենտրոնում ստեղծվել է բարեկարգ և հարմարավետ միջավայր, առողջ մթնոլորտ՝ միմյանց հետ շփվելու և ժամանցը լիարժեք կազմակերպելու համար:
Սա ևս մեկ քայլ է՝ ուշադրություն դարձնելու տարեցների խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն հոգատարությամբ և կրկին հնարավորություն է ընձեռվում հարգանքի արժանացնել այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները:
Սիրելի՛ Տարեցներ, դուք մեզ հիշեցնում եք մեր անցյալն անպես, ինչպես որ կա և դրանով մեզ շատ բան եք սովորեցնում։ Շնորհակալություն եմ հայտնում <<Կամրջակ>> սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս տիկին Մարիա Գորիսին>>։
Այնուհետև տեր Հարություն քհն. Հունանյանը կատարեց կենտրոնի օրհնության կարգ։
Գեղեցիկ պարերի բեմադրությունից հետո Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և Մարիա Գորիսը կտրեցին ժապավենը և տարեցների ուղեկցությամբ մուտք գործեցին կենտրոն։
Հյուրընկալ և ջերմ կենտրոնում ցուցադրված էին Վարդենիս համայնքի արվեստասեր երեխաների գեղեցիկ կտավները։