Միջազգային համագործակցություն. աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը
Գործադիրի հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը: Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը: 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին: Համաձայնագրի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով: Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով՝ աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում:
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» ստորագրման առաջարկությունը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը:
Հավանություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է խթանել երկարատև անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան ավազանի երկրների միջև կանաչ և կապույտ տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, տարածքային զարգացման, հետազոտությունների իրականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման ուղղություններով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72,275,137 եվրո: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, ուղղված կլինի նորարարական և խելացի տնտեսական վերափոխմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը, ինչպես նաև ավելի կանաչ, ցածր ածխածնի՝ դեպի զուտ զրոյական ածխածնային տնտեսություն և մաքուր ու վերականգնվող էներգիայի անցմանը, կանաչ և կապույտ ներդրումների ու շրջանաձև տնտեսության խթանմանը, կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարեցմանը, ռիսկերի կանխարգելմանը և կառավարմանը և կայուն քաղաքային շարժունակությանը: