Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին։

Արտգործնախարարությունը նշում է, որ Հայաստանը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի արտաքան քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է՝ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում:

«Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները», - ասված է հայտարարությունում։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ X-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանն այդ համակարտությունում միշտ եղել է երկու պետությունների լուծմանկողմնակից և Հայաստանը որոշում է կայացրել ճանաչել Պաղեստինի անկախ պետությունը։