Կանադան պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրական մեքենաների համար
Կանադայի կառավարությունը ծրագրում է մաքսատուրքեր սահմանել Չինաստանից էլեկտրամոբիլների արտահանման համար՝ հետևելով ԱՄՆ-ի և Եվրամիության օրինակին: Այս մասին, B24–ի փոխանցմամբ, հայտնում է Bloomberg-ը:
Ըստ այդմ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը շուտով կարող է հայտարարել չինական էլեկտրական մեքենաների համար մաքսատուրքեր սահմանելու հարցի շուրջ հանրային խորհրդակցությունների մեկնարկի մասին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության օրինակով՝ արևմտյան երկրների ճնշման ներքո:
Գործակալության տվյալներով՝ 2023 թվականին Վանկուվեր նավահանգիստ է առաքվել չինական արտադրության շուրջ 44,400 մեքենա՝ հինգ անգամ ավելի, քան նախորդ տարում: Կառավարությունը մտահոգված է, որ չինական էլեկտրամոբիլները կհեղեղեն կանադական շուկան:
Կանադական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադայի իշխանությունները, հետևելով ԱՄՆ-ին, կարող են զգալի տուրքեր սահմանել Չինաստանից եկող էլեկտրական մեքենաների վրա: Նրա խոսքով՝ Օտտավան արդեն դիտարկում է այս հարցը:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանից պողպատի, էլեկտրական մեքենաների, համակարգիչների, կրիչների և այլ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը:
Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրամոբիլների ներկրման վրա՝ մինչև 25%, չնայած այն հանգամանքին, որ այդ քայլը կարող է հանգեցնել առևտրային պատերազմի Պեկինի հետ: