Գոհար Բարսեղյան. «Եվրասիական տեխնոլոգիական հարթակները ԵԱՏՄ-ում նորարարական գործունեության համակարգման հիմնական գործիքներից են»

Հունիսի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տեխնոլոգիական հարթակների (ԵՏ հարթակների, տեխհարթակների) 2-րդ համագումարը։ 

Ըստ  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության` գործող 18 տեխնիկական հարթակի ներկայացուցիչների հետ քննարկվել են նրանց գործունեության կարևորության բարձրացման և հանրահռչակման հարցեր, աջակցության մեխանիզմներ, ինչպես նաև ԵՏ հարթակների կողմից նախաձեռնված միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման և իրականացման ֆինանսավորման հարցեր։

Գոհար Բարսեղյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների արդյունաբերական զարգացման համար առաջնային նշանակություն ունի գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կոոպերացիայի զարգացումը։

«ԵԱՏՄ տարածքում նորարարական գործունեության համակարգման հիմնական գործիքներից մեկը, նորարարական ոլորտում կոոպերացիայի և համագործակցության լոկոմոտիվը եվրասիական տեխնոլոգիական հարթակների ինստիտուտն է, որոնք կարող են միավորել և ներդնել դաշնակից երկրների լավագույն մշակումները տնտեսության առավել հեռանկարային և գիտատար արդյունաբերական հատվածներում միջպետական ծրագրերի և նախագծերի իրականացման միջոցով», – նշել է նա։

Նախարարը հայտնել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիայի ակտիվացման համար համատեղ նախագծերի իրականացմանն աջակցելու նոր ֆինանսական մեխանիզմի մասին:

«Որպես ֆինանսավորման մեխանիզմ որոշվել է կոոպերացիոն նախագծերի իրականացման համար երկրորդ մակարդակի բանկերի տրամադրած վարկերի ու փոխառությունների տոկոսադրույքների ֆինանսավորումը Հանձնաժողովի բյուջեից», – նշել է Գոհար Բարսեղյանը՝ հավելելով, որ նման նախագծերի համար Հանձնաժողովի ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված է շուրջ 1.8 մլրդ ռուբլով:

ԵՏ հարթակների մասնակիցներն իրենց հերթին նշել են ԵՏՀ-ի հետ հաջող փոխգործակցության պրակտիկան, կարևորել ոլորտային հարցերի լուծման գործում Հանձնաժողովի համակարգող դերը, ինչպես նաև ներկայացրել իրենց առաջարկները տեխհարթակների ինստիտուտի հետագա զարգացման վերաբերյալ:

Համագումարի արդյունքների հիման վրա բանաձև է ընդունվել, ըստ որի նախատեսվում էին մի շարք միջոցներ ԵՏ եվրասիական ԵՏ հարթակների գործունեության արդյունավետության բարձրացման, նրանց դերի ամրապնդման և միջպետական ծրագրերի և նախագծերի իրականացման նոր մեխանիզմների վերաբերյալ՝ բոլոր փուլերում դրանց ֆինանսավորման աղբյուրների մասով, առաջարկների մշակման ուղղությամբ։