Հայաստանի ու Վրաստանի միջև ավիաթռիչքների հաճախականությունը կավելանա. Ապրեսյան

Հայաստանն ու Վրաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որի նպատակը կլինի լուծել երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները:  

Այս մասին լրագրողներին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի միջև այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում հայ-վրացական զբոսաշրջային համաժողովի շրջանակում: Աշխատանքային խմբի կազմում պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ կընդգրկվեն:

«Աշխատանքային խմբի ներկայացուցիչներն առաջիկայում առաջին հանդիպումը կանցկացնեն հայ-վրացական սահմանին։ Նրանք տեղում կքննարկեն մաքսային անցակետում առկա խնդիրները և լուծումներ կառաջարկեն», – ասել է նա։

Քննարկում պահանջող հարցերի թվում է Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության հանրահռչակումը։ Հարևան երկրում Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա։ Վրաստանն այս առումով ավելի լավ է ներկայացված մեր երկրում։ 

Նախատեսվում է նաև միասնական զբոսաշրջային պրոդուկտներ ստեղծել, որոնցով երկու երկրները նոր տեղ կզբաղեցնեն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա և լրացուցիչ զբոսաշրջային հոսքեր կներգրավեն: 

Կողմերը մտադիր են նաև մշակութային երկխոսություն հաստատել, բարձրացնել փոխադարձ հարգանքը երկու ժողովուրդների ավանդույթների և պատմամշակութային ժառանգության նկատմամբ: 

Ապրեսյանը մատնանշել է նաև երկու երկրների միջև ավիաթռիչքների հաճախականության ավելացումը։ Նրա խոսքով՝ դա կազդի սակագնային քաղաքականության վրա, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ուղևորահոսքի աճի և տոմսերի արժեքի նվազման:

Աղբյուրը`   banksnews.am