Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Գյումրի համայնքի ավագանին հունիսի 26-ին միաձայն՝ 18 կողմ քվեարկության արդյունքում հաստատեց համայնքին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցով «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում  է «Արմենպրես»-ը, տրանշը բաղկացած է ֆինանսավորման երկու աղբյուրից՝ վարկային և դրամաշնորհային։

Նշված համաձայնագրի հաստատման անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով 2016 թվականի մայիսի 11-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի միջև ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի վարկային, ու ՎԶԵԲ-ի և Գյումրու համայնքապետարանի միջև ստորագրված ծրագրի համաձայնագրերի 2024 թվականի փետրվարի 16-ին ստորագրված, համապատասխանաբար թիվ 2 և թիվ 1 լրացումները։ ՎԶԵԲ-ը ծրագիրն իրականացնող խմբին ցուցաբերվող աջակցության ծառայությունների ձեռքբերման նպատակով տրամադրում է 750 հազար եվրոյի չափով տեխնիկական համագործակցության դրամաշնորհ։

Թվարկված լրացումներով սահմանված է՝ ծրագրի վարկային և դրամաշնորհային միջոցները նպատակաուղղել Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի փողոցային ցանցի հիմնանորոգմանն ու միևնույն թաղամասերի, ինչպես նաև Անի թաղամասը քաղաքին կապող Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության արդիականացմանը։

Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի խոսքով՝ փողոցների արտաքին լուսավորության խնդիրը կկարգավորվի 2024-2025 թվականների սուբվենցիոն ծրագրերի իրականացման և ՎԶԵԲ-ի միջոցներով։

«Եթե 2024-2025 թվականների սուբվենցիաներն իրականանան, մենք քաղաքում կունենանք 4300 լուսավորության կետ, դրանով խնդիրը կփակենք ամբողջությամբ, 1284 կետով էլ, ՎԶԵԲ-ի ծրագրով, Անի թաղամասի, Ավստրիական թաղամասի ու Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի։ Քաղաքի խնդիրը լուսակետերի քանակով՝ լրիվ՝ երկրորդային նրբանցքներում, բոլոր տեղերում կլուծենք», - նշեց համայնքապետ ը։

Ավագանու նիստի ժամանակ քննարկվել են նաև Գյումրի համայնքի 4 ՀՈԱԿ-ներին նվիրատվություն տրամադրելու, «ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐ» ամենամյա տոնակատարության նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու, 2023-2024թթ. ընթացքում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգևներ շնորհելու, սոցիալապես անապահով թվով 115 անձանց դրամական օգնություն հատկացնելու, «Արմէկոտեկ» ՍՊԸ-ին Գյումրի քաղաքում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցմանը նախնական համաձայնություն տալու և մի շարք այլ որոշման նախագծեր:  

Արմենուհի Մխոյան