Պետական պարտքի ճոճանակ․ Առաջին անգամ ներքին պարտքը գերազանցում է արտաքինը. Աղասի Թավադյան

Ներկայացնում ենք տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծական հոդվածը Հայաստանի պետական պարտքի վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության պետական պարտքի կառուցվածքում առաջին անգամ ներքին պարտքի կշիռը գերազանցել է 50 տոկոսը։ 2024 թվականի մայիսի կտրվածքով կառավարության պետական պարտքը կազմել է 11 մլրդ 577 մլն դոլար կամ 4 տրիլիոն 496 մլրդ դրամ, որի 50.2 տոկոսը բաժին է ընկնում ներքին աղբյուրներին, իսկ 49.8-ը՝ արտաքին։

Այս փոփոխությունը նշանակալի առաջընթաց է 2017 թվականի համեմատ, երբ Կառավարության ներքին պետական պարտքը կազմում էր ընդհանուր պարտքի 20.4 տոկոսը, իսկ արտաքինը՝ 79.6 տոկոսը։

Գծապատկեր 1.

Նշենք, որ 2017 թվականի կտրվածքով Հայաստանի կառավարության պարտքը կազմում էր 6 մլրդ 173 մլն դոլար, կամ 2 տրիլիոն 988 մլրդ դրամ։ Այս ժամանակահատվածի ընթացքում պետական պարտքը աճել է դրամով 50.5 տոկոսով, իսկ դոլարով գրեթե 2 անգամ՝ 87.5 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է 2017 թվականի սկզբից դրամի արժեզրկմամբ 480 դրամից մինչև 387, որը էժանացրել է դոլարային պարքի սպասարկումը։

Վերջին տարիներին պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մեծացման քաղաքականությունը իրականացվում է արտարժութային ռիսկերը զսպելու համար։ Նշենք, որ 2023 թվականի կտրվածքով պետական պարտք / ՀՆԱ հարաբերությունը կազմում է 48.1 տոկոս, որը դոլարի հանդեպ ՀՀ դրամի 20 կետով արժեզրկման պարագայում կհատի 50 տոկոսի սահմանը։ Ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 63-րդ կետի՝ ընդհանուր պետական պարտքը չպիտի գերազանցի համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, իսկ ըստ հարկաբյուջետային գործող կանոնների՝ երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը, գործադիրը պարտավորվում է ընթացիկ ծախսերը սահմանափակել, ինչպես նաև ներկայացնել ծրագիր՝ ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր միջնաժամկետ քաղաքականությունը իրականացնում է այնպես, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը պահպանի 50 տոկոսի շրջանակներում։

Գծապատկեր 2-ը ներկայացնում է պետական պարտքի կառուցվածքն ըստ ներքին և արտաքին պարտքի տեսակների:

Գծապատկեր 2.

Կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը որոշակիորեն բարձրացել է՝ հասնելով 7.3 տոկոսի, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ներքին դրամային պարտքերը, որոնք պետությունը ներգրավում է պարտատոմսեր թողարկելով, ավելի բարձր տոկոսադրույքով են։

Համաշխարհային ճգնաժամերը և աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել պետական պարտք / ՀՆԱ հարաբերության աճին, և ներքին պետական պարտքի մեծացման քաղաքականությունը զսպում է արտաքին ռիսկերը։

Կառավարության պարտքի 49.0 տոկոսը դրամով է, 29.9 տոկոսը՝ դոլարով, 9.1 տոկոսը՝ եվրոյով, մնացածը՝ այլ արժույթներով։

Ներքին պարտքի մեծացումը փոքրացնում է արտաքին ֆինանսական ռիսկերը։ Գծապատկեր 3-ը ցույց է տալիս պետական պարտքի սպասարկման և փոխարժեքի փոխկապվածությունը:

Գծապատկեր 3.

Ավելին`   tvyal.com