Նոր ատոմակայանի կառուցման հարցում գնդակն ԱՄՆ դաշտում է. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն անվտանգության դիվերսիֆիկացիայի հարցում մեծ հաջողություններ ունի, ինչը չի կարելի ասել էկոնոմիկայի ոլորտի մասին։
Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ երկիրը հետագա հնարավոր սպառնալիքներին դիմակայելու բավարար կարողություն ունի, և այստեղ բազմաթիվ գործիքներ կան։
Նա խոսել է նաև նոր ատոմակայանի կառուցման մասին՝ շեշտելով, որ պրոցեսը մտել է առարկայական փուլ.
«Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում և պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության և դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: Այսինքն մենք ԱՄն-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը: Առանց այդ դաշտի մենք չենք կարող առաջ ընթանալ: Այս պահին կարող եմ ասել, որ գնդակն ԱՄՆ-ի դաշտում է, մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի մեր համակարգային պրոցեդուրաները, որ անցնեն, այնուհետեւ մենք կսկսենք աշխատել հենց դիվերսիֆիկացիայի ուղղությամբ»:
Նա շեշտել է, որ այս հարցը երկարաժամկետ է, իսկ կարճաժամկետ հարցերում, հուսով է, հաջողություն կունենան։