Հայաստանի գորշ ածուխների եվ այրվող թերթաքարերի մետաղաբերությունը․ բացահայտումներ

 Աշխարհում այրվող թերթաքարերի և գորշ ածուխների պաշարները (որոնք առկա են ավելի քան 90 երկրներում) զգալիորեն գերազանցում են նավթի հայտնի բոլոր պաշարները միասին վերցրած։

Հայաստանի տարածքում հայտնի են ածխի, ածխային և այրվող թերթաքարերի մոտ 50 հանքավայրեր և երևակումներ (տարիքը՝ ստորին տրիասից մինչև պլիոցեն), որոնցից ուսումնասիրվել են ավելի քան 16 հանքավայրեր։ Դրանք, վառելիքային հումքի տեսակետից, իրենց ցածր որակի պատճառով հիմնականում համարվել են անհեռանկարային։ Սակայն պինդ այրվող հանածոներն, առավելապես ցածր որակ և ջերմատվություն ունեցողները, որոշ դեպքերում աչքի են ընկնում օգտակարության մեկ այլ կողմով՝ մետաղաբերությամբ։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և ՌԴ Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի միջև համագործակցության շրջանակներում կազմված համատեղ գիտահետազոտական խումբը (համաղեկավարներ՝ ՌԴ-ից՝ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Պանովա, ՀՀ-ից՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան) աշխատանքներ է սկսել պինդ այրվող օգտակար հանածոներից ազնիվ ու հազվագյուտ մետաղների և սինթեզ գազի ստացման համալիր խնդրի հետազոտման ուղղությամբ։

Արդեն նմուշարկվել են թվով 9 երևակումներ և հանքավայրեր: Ստացվել են հուսադրող արդյունքներ՝ ոսկու, արծաթի, ռենիումի և մի շարք այլ տարրերի համար։

Աղբյուրը՝ miningmetal.am