Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին

Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները:

Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները կտեղափոխվեն դատապարտյալների հիվանդանոց` բուժական քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերջիններս կպահվեն միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված խցային պայմաններում: Պահման պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելու է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Օրենսգրքում կսահմանվի լիազորող նորմ, որը հնարավորություն կտա  Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգն ու պայմանները: Փոխնախարարի խոսքով քրեական արդարադատության եւ քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի ազատազրկված անձանց ռիսկերի ու կարիքների գնահատման (ՌԿԳ) արդյունավետ իրականացումը, որն էլ վերասոցիալականացման ծրագրերի մշակման ու իրականացման հիմք է:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը: Նա առողջապահական հարցերը քննարկելու նպատակով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կարեւորել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը հանձնաժողովի քննարկումներին: