Google-ը մտադիր է $23 միլիարդով գնել իսրայելական Wiz ստարտափը
Alphabet-ը բանակցություններ է վարում Wiz-ի կիբերանվտանգության ստարտափը գնելու վերաբերյալ: Գործարքը կարող է կազմել $23 միլիարդ, ինչը կդարձնի այն ամենամեծը Alphabet-ի պատմության մեջ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Wiz-ի ձեռքբերումը կարող է օգնել Google-ին ամպային լուծումների շուկայում հասնել Microsoft-ին և Amazon-ին: Այժմ Alphabet-ն ավելացնում է ներդրումներն իր ամպային հաճախորդների բիզնեսում, սակայն դեռևս հետ է մնում մրցակիցներից՝ Microsoft-ից և Amazon-ից:
Wiz-ը հիմնադրվել է Իսրայելում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ Wiz-ը տրամադրում է կիբերանվտանգության ամպային լուծումներ՝ արհեստական բանականության միջոցով սպառնալիքները հայտնաբերելու և դրանց արձագանքելու համար:
Wiz-ը դարձել է աշխարհում ամենաարագ զարգացող ստարտափը: Մայիսին այն ներգրավել է $1 միլիարդ, որից հետո ընկերությունը գնահատվել է $12 միլիարդ:
Աղբյուրը՝ fintech.am