Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որին մասնակցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքին ու խնդիրներին առնչվղ հարցերին․
<<Պետություն-համայնքներ համագործակցության լավագույն միջոց հանդիսացող այս ծրագրերով համայնքները հնարավորություն են ստանում առավել քիչ միջոցներ ծախսելով լուրջ խնդիրներ լուծել, մնում է յուրաքանչյուր պատասխանատու կառույց, յուրաքանչյուրս մեր տեղը լինենք զգոն, հետևողական և հոգատար։
Սուբվենցիոն ծրագրերի նպատակային, անխոչընդոտ, առանց թերացումների և ժամկետների մեջ իրականացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, քանզի Կառավարությունը ջանք չի խնայում համայնքային խնդիրներին օր առաջ լուծում տալու համար>>,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ նախ քննարկվել են անցած երկու տարիներից 2024 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերը, անդրադարձ է կատարվել դրանց ձգձգման պատճառներին ու առաջացած խնդիրներին, ձեռնարկված քայլերին ու առաջիկա անելիքներին։
Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2024 թվականին հավանության է արժանացել 14 ծրագիր` 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։
Նոր ներկայացված փաթեթներին անդրադառնալով` մարզպետը նշել է, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել խմելու և ոռոգման ջրին առնչվող ծրագրերին․ <<Մեր երկրում ջուրն անվճար է, բնակիչները վճարում են միայն սպասարկման վճար, հաշվի առնելով ոռոգման և խմելու ջրերի համակարգերի անցկացման կարևորությունը, հորդորում եմ շեշտը դնել այս ծրագրերի վրա>>։
Մարզպետն անդրադարձել է նաև հետաձգված ծրագրերին, նշել, որ դրանք պետք է կոնկրետացվեն, քննարկվի նպատակայնությունը, բովանդակությունն ու կարևորությունը, որպեսզի պետության և համայնքի միջոցները ծախսվելուց հետո ակնկալվող արդյունքը սպասվածը լինի։
Հանդիպման օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է հուլիսի 27-ին Գյումրիում կայանալիք <<Ֆեստիվառ>> երաժշտական-զբոսաշրջային փառատոնին համայնքների պատշաճ մասնակցությանը, մարզ այցելած հյուրերին զբոսաշրջային վայրեր ուղղորդելուն, համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին տաղավարներ տրամադրելուն, կազմակերպչական այլ հարցերի։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող այլ խնդիրների ևս։