Չնայած առատ տեղումներին, ջրամբարների լցվածության մակարդակը մտահոգիչ է

Հանրապետությունում մայիս ամիսը տեղումնառատ է և, չնայած դրան, Հայաստանում գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում: Մայիսի 19-ի դրությամբ հանրապետության  5 խոշոր ջրամբարները  դեռև ամբողջ ծավալով լցված չեն:  525 միլիոն խմ տարողությամբ Ախուրյանի ջրամբարը մայիսի 19-ի դրությամբ լցված է 402 միլիոն խմ-ով։ 

2021թ․-ի նույն օրվա համեմատ Ախուրյանի ջրամբարը  156 միլիոն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Գուցե առատ տեղումները որոշակի դեր խաղացել է, սակայն մյուս ջրամբարների մասով նման համեմատական  դրական ցուցանիշ չունենք։

105 միլիոն խմ տարողությամբ Արփի լճի լցվածությունը 60․7 միլիոն խմ է,նախորդ տարվա ցուցանիշից՝  5,5 միլիոն խմ-ով պակաս:   91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարը լցված է 48.1 միլին խմ-ով։ 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարի լցվածությունը կազմում է 57.3 միլիոն խմ, ինչը 4,4 միլիոն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարի լցվածությունը 19.1 միլիոն խմ է։

Չնայած այս ցուցանիշներին, մասնագետները փաստում են՝ մնան տեղումնառատ ամիսներ հազվադեպ են եղել, ինչը պարզվում է, բոլորովին երաշխիք չէ, որ ոռոգման խնդրի առջև չենք կանգնի։

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը նշեց, որ ջրամբարներն անսարք վիճակում են։ Այդ պատճառով էլ, թեև հիմա առատ տեղումներ են և գետերն ավելի վարար են , բայց ջրամբարներում ջուրը չի կուտակվում։

«Ջուրը մաղով հնարավոր չի պահել։ Ջրամբարների տեխնիկական վիճակն անսարք է՝ հատակից, պատվարի կողքերից, խոռոչներից  ջուրը հոսում է ստորգետնյա ջրավազան։ Ջրամբարը պետք է ժամանակ առ ժամանակ վերանորոգեին, հետևին հատուկ աշխատանքներ կատարվեին՝ խոռոչները փակելու համար, որ ջուրը մնար։ Թե չէ այսքան առատ տեղումների, անձրևների դեպքում ոնց կարող է ջրամբարում քիչ ջուր լինի։ Երբ է եղել, որ մայիս ամիսն այսքան ջրառատ լինի, ապրիլը նույնպես, մարտ ամսին էլ ահագին ձյուն եկավ։ Տոլորսի ջրամբարում օրինակ լսել եմ, որ  ջուր չկա, սա խայտառակ վիճակ է»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ նոր ջրամբարներ կառուցելուց , առաջ նախ պետք է վերանորոգել եղած ջրամբարները։

«Նոր ջրամբարների կառուցումը երկար ժամանակ և  մեծ ֆինանսական ռեսուրս է պահանջում ։ Եկեք նախ մեր ունեցածը կարգի բերենք։  Մենք քիչ ջրամբար չունենք, 70-ից ավելի  ջրամբար  ունենք։ Եկեք վերանորոգենք,որը  մեծ ծախս չի պահանջում, եղած ջուրը պահենք, յոլա գնանք, մինչև  նոր ջրամբարներ կկառուցվեն։ Տեսեք, հիմա ջրամբարները չեն լցվել, էլի ջուր չկա, էլի պետք է դիմեն էն խեղճ ու կրակ Սևանին՝ ջուր տանելու համար»։

Աղբյուրը՝   panorama.am