Տեղի է ունեցել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով

Հուլիսի 16-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ում տեղի է ունեցել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

ԽԵԿ֊ի մթերատվության բարձրացման ծրագրով ՌԶԳ-ի հետ համատեղ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ի բազայի վրա նախատեսվում է տոհմակայանի հիմնում, որը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության ապահովմանը, ՀՀ֊ում բուծվող տավարի տոհմային հատկանիշների և մթերատվության բարձրացմանը։ Ներկայումս ՀՀ֊ում նմանատիպ կայան չի գործում։

Ծրագրի շրջանակում ՌԶԳ֊ն կարող է տրամադրել տեխնիկական աջակցություն, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ անասնաբույժների և արհեստական սերմնավորման մասնագետների համար, ինչպես նաև իրականացնել իրազեկման արշավներ։

Տաթևիկ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԶԳ֊ի աջակցությունը Կառավարության նախաձեռնությունների իրականացմանը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը այսուհետ ևս կլինի բազմաբնույթ և արդյունավետ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ընթացիկ արդյունքները։
Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում առաջիկայում նախատեսվող նոր ծրագրերին։