ՀՀ ՏԿԵ նախարարը և Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» Հայաստանի ամենախոշոր արևային կայանի շինհրապարակ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ աշխատանքային այց կատարեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում կառուցման ընթացքի մեջ գտնվող «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ։ Նրանց ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Ինչպես տեղում ներկայացրին շինարարական աշխատանքներն իրականացնող «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը, որը զբաղեցնում է 130 հեկտար տարածք եւ կունենա 62 մեգավատ հզորություն։
Շինարարությունը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից, որտեղ ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։
«Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128.332 գեգավատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տնտեսության էներգետիկ կարիքները։
Ի դեպ, այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։
Բացի այդ, կայանի կառուցման համար կօգտագործվի 114 984 արևային վահանակ։ Կայանի կառուցումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Նախարարը և մարզպետը զրուցեցին կայանի սեփականատեր ու կապալառու ընկերությունների և շինարարության պատասխանատու ներկայացուցիչների հետ, ծանոթացան շինարարության ընթացքին։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա հոկտեմբերին։