Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը BB- մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը BB- մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ։ Fitch-ը հրապարակում է մի քանի փոխկապակցված վարկանիշներ երկրների և կազմակերպությունների արժեթղթերի վերաբերյալ, սակայն պետության գնահատման բանալին արտարժույթով արժեթղթերի երկարաժամկետ վարկանիշն է:
Fitch-ի սանդղակով BB-վարկանիշը 24-ից 13-րդն է, վատագույնը 24-րդն է: 1-ից 10 միավորները վկայում են ներդրումային բարձր որակի արժեթղթերի մասին:
Ռելոկանտների ազդեցությունը կայունացել է
Գործակալությունը նշում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականին կազմել է 8,7%, իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում՝ 9,2%։ Մինչեւ 2024 թվականի վերջը կանխատեսվում է, որ աճը կկազմի 6%, 2025 եւ 2026 թվականներին՝ համապատասխանաբար 5,5% եւ 5,1%։ Հայաստանի տնտեսական աճը շարունակում է պայմանավորված լինել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ռելոկանտների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների կողմից, ովքեր ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսությանը որպես սպառող, աշխատուժ և գործարար:
Fitch-ը նշում է նաև, որ Ամուլսարի հանքի բացումը 2025 թվականից տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ է լինելու։ 2022-2023 թվականներին վերաբնակիչների հոսքի պատճառով զգալիորեն ավելացած տրանսֆերտների հետ կապված իրավիճակը կայունացել է և էապես չի փոխվի մոտ ապագայում։
Գործակալությունն ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը խստորեն կպահպանի պատժամիջոցների ռեժիմը և չի նախատեսում արևմտյան երկրորդական պատժամիջոցներ։
Բյուջեի դեֆիցիտը զգալիորեն կաճի, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի մակարդակն ավելի թույլ կլինի
2024 թվականին ակնկալվում է, որ բյուջեի դեֆիցիտը կաճի մինչև ՀՆԱ-ի 4,5%-ը (2023-ի 1,9%-ի դիմաց – խմբ.)՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծախսերի ավելացմամբ և պաշտպանության ու կապիտալ շինարարության նոր ծրագրերով, որոնք նախորդ տարիներին թերակատարվել են։ Համեմատության համար՝ BB- վարկանիշ ունեցող երկրների միջինը 2,6% է:
2025 թվականին համընդհանուր առողջապահության ներդրման հաշվին բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 5,4 տոկոս։ 2026 թվականին ակնկալվում է, որ դեֆիցիտը կնվազի մինչև 4,2%՝ պայմանավորված Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերի ակնկալվող կրճատմամբ։
Չնայած դրան, պետական պարտքի մակարդակը կմնա համեմատաբար կայուն, քանի որ ՀՆԱ-ի աճի տեմպերը կգերազանցեն այն։ Եթե 2023 թվականի վերջին պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 48,1%, ապա 2024 թվականին ակնկալվում է, որ այն կկազմի 48,7%, իսկ 2026 թվականին՝ 50,5%։ Համեմատության համար նշենք, որ BB վարկանիշ ունեցող երկրների միջինը (ներառյալ BB+, BB և BB- գնահատվածները) 55,2% է:
Ավելին՝ fintech.am