Մասշտաբային փառատոն DILIJAN WINE FEST-ը երրորդ անգամ անց է կացվելու Խանջյանի ամառանոցի տարածքում

Օգոստոսի 3-ից 4-ը Դիլիջանում` Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում տեղի կունենա DILIJAN WINE FEST 2024 փառատոնը, որը կազմակերպվում է  ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Գինու փառատոնը Դիլիջանում անցկացվում է արդեն երրորդ տարին`ընդլայնելով մասնակիցների ցանկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից։

«Այս անգամ մեր փառատոնի համար ռեկորդային թվով հայկական բրենդներ ենք հավաքել։ 40-ից ավելի գինեգործարաններ և ռեստորաններ հյուրերին կզարմացնեն նոր համերով: Վերջին տարիներին Հայաստանում գինեգործության մշակույթը սրընթաց զարգանում է՝ ավելի ու ավելի մեծ ուշադրություն գրավելով տեղական բարձրորակ գինիների և խաղողի յուրահատուկ սորտերի վրա։ Մեր թիմը ուրախ է լինել այս գործընթացի մի մասը և նպաստել դրա առաջմղմանը», - ասում է TimeTo-ի  փառատոնների գծով տնօրեն Ռոման Օրլենկոն:


«Գինու զբոսաշրջությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայի առաջնային ուղղություններից  է՝ շնորհիվ մեր երկրի գինեգործական հարուստ պատմության և մշակույթի։ Տավուշի մարզը մեր 5 գինեգործական մարզերից մեկն է, և  ողջունելի է, որ այս մարզում ևս կազմակերպվում է գինու փառատոն, որին հնարավորություն ունեն  մասնակցելու  թե՛ Հայ գինեսերները,  թե՛ արտերկրից  ժամանած մեր հյուրերը։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն աջակցում է այս նախաձեռնությանը, որը  նպաստում է ոչ միայն  արժեքների պահպանմանը և արժևորմանը, այլև համայնքներում զբոսաշրջության և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը», - ասում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը։