Աղասի Թավադյան. Հայաստանը հարկում է ժամանակը

Ներկայացնում ենք տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծական հոդվածը Հայաստանի հարկային համակարգի վերաբերյալ։

Վերջին տարիներին Հայաստանի հարկային համակարգը զգալի փոփոխություններ է կրել: 2018 թվականից սկսած՝ հարկային մուտքերի աճը դարձել է կառավարության գործունեության հիմնական ցուցանիշներից մեկը: Սակայն այս մոտեցումը, որը սկզբնական շրջանում դրական արդյունքներ էր տալիս, այժմ սկսել է հանգեցնել մի շարք խնդիրների:

Հարկային մուտքերի միտումները (2018-2024) 
2018 թվականից ի վեր Հայաստանի հարկային մուտքերը զգալի աճ են արձանագրել: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում հարկային մուտքերն աճել են 1208.97 միլիարդ դրամից մինչև 2306.05 միլիարդ դրամ, ինչը կազմում է 90.7% աճ: Սակայն նշենք, որ 2020 թվականին, համավարակի պատճառով, գրանցվեց 6.3% անկում: Չնայած այս անկմանը, 2018-2024 թվականների միջին տարեկան աճը կազմել է 15.7%, ինչը զգալիորեն բարձր է 2014-2017 թվականների 7.2% միջին աճից:

Այնուամենայնիվ վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս աճի տեմպը դանդաղում է: 2024 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային մուտքերն աճել են ընդամենը 6.4%-ով: Սա նշանակալի անկում է նախորդ տարիների երկնիշ աճի համեմատ: Այս միտումը բացատրվում է մի քանի գործոններով, որոնց կանդրադառնանք հաջորդ մասում:

Հարկատեսակների վերլուծություն 
Հարկային մուտքերի ընդհանուր պատկերը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել առանձին հարկատեսակների դինամիկան: Երրորդ գծապատկերը ցույց է տալիս, որ տարբեր հարկատեսակներ տարբեր միտումներ են դրսևորում:

Անուղղակի հարկերի, մասնավորապես ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հավաքագրման տեմպերի նկատելի անկում է գրանցվել: Չնայած դեռևս առկա որոշակի աճին, հարկահավաքության աճի տեմպը նվազում է: Սա մտահոգիչ է, քանի որ անուղղակի հարկերը սովորաբար արտացոլում են տնտեսական ակտիվությունը և սպառումը:

Եկամտային հարկը դեռևս աճի միտում է ցուցաբերում, սակայն աճի տեմպը կայունացել է: Սա կարող է վկայել աշխատավարձերի աճի դանդաղման կամ աշխատատեղերի ստեղծման տեմպերի նվազման մասին:

Շահութահարկի անկումը ցույց է տալիս երկրում առկա հիմնական խնդիրները՝ մասնավորապես կապիտալի արտահոսքը։

Նշենք նաև, որ 2021-2022 թվականներին կիրառված հատուկ պղնձի հանքաքարի արտահանման տուրքը, որը երրորդ գծապատկերում երևում է երևում պետական տուրքի կտրուկ աճով և անկմամբ։ Սա թեև կարճաժամկետում ավելացրեց պետական բյուջեի մուտքերը, սակայն երկարաժամկետում կարող է բացասաբար անդրադառնալ ոլորտի զարգացման վրա:

Ոսկու տարանցման գործոնը 
2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիս Հայաստանը դարձել էր ռուսական ոսկու հիմնական տարանցման երկիրը: Ըստ տնտեսաաագետի գնահատկանի՝ 2024 թվականի առաջին 3 ամիսների կտրվածով Ռուսատանից ոսկու արտահանման 88.4% անցնում էր Հայաստանով: Այս ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր արտահանման 76%-ը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները:
Այս արտակարգ իրավիճակը ժամանակավոր խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսության համար, սակայն միաժամանակ քողարկեց տնտեսության այլ ոլորտներում առկա խնդիրները: Ավանդական արտահանման ապրանքների ծավալները փաստացի նվազել են, ինչը մտահոգիչ է երկարաժամկետ տնտեսական աճի տեսանկյունից:

Կառավարության հարկային քաղաքականությունը և դրա հետևանքները 
Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական արդյունավետության ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը սկզբնապես դրական արդյունքներ է տվել: Այս մեթոդը աշխատում էր 2018, 2019 և 2020 թվականին, երբ բավականին մեծ քանակությամբ կազմակերպություններ դուրս եկան ստվերից և սկսեցին վճարել եկամտահարկ:

Սակայն, այժմ այս մոտեցումը սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների: Կառավարությունը, ձգտելով ապահովել հարկային մուտքերի շարունակական աճ, դիմում է նոր հարկատեսակների ներդրման կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացման:

Օրինակ՝ քննարկվում է հիփոթեքային վարկերից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը կրկին հարկելու հնարավորությունը:

Բացի այդ, 2025 թվականից շրջանառության հարկը 5-ից դառնալու է 10 տոկոս, իսկ ՏՏ ոլորտին տրամադրված հարկային արտոնությունները աստիճանաբար վերացվում են: ՏՏ ոլորտի զարգացումը խրախուսելու նպատակով տրամադրված հարկային արտոնությունների մի մասը 2024 թվականի սկզբին էր դուրս եկել, իսկ մյուս մասն էլ դուրս կգա 2025-ի սկզբին։

Այս մոտեցումը, սակայն, կարող է հակառակ արդյունք տալ: Տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆֆերի կորի գաղափարը ցույց է տալիս, որ հարկային բեռի շարունակական ավելացումը որոշակի կետից հետո կարող է հանգեցնել հարկային մուտքերի նվազման: Սա կարող է տեղի ունենալ, քանի որ բարձր հարկերը կարող են խթանել ստվերային տնտեսությունը կամ նվազեցնել տնտեսական ակտիվությունը:    

Եզրակացություն 
Ներկայիս հարկային քաղաքականությունը զգալի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Կապիտալի արտահոսքը և ներդրումների կրճատումը մեծ մարտահրավեր են հանդիսանում երկրի տնտեսական աճի համար:

Հայաստանի հարկային համակարգի և հարկահավաքության վերլուծությունը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հարկահավաքությունը որպես կառավարության արդյունավետության հիմնական ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը, որը սկզբնապես դրական արդյունքներ էր տվել, այժմ սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների:
Հարկային մուտքերի աճի տեմպերի դանդաղումը, անուղղակի հարկերի հավաքագրման անկումը և կապիտալի արտահոսքը վկայում են, որ անհրաժեշտ է վերանայել ներկայիս հարկային քաղաքականությունը: Նոր հարկատեսակների ներդրումը կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացումը կարճաժամկետում կարող են ապահովել լրացուցիչ մուտքեր, սակայն երկարաժամկետում կարող են խոչընդոտել տնտեսական աճը և ներդրումների ներգրավումը:
Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել այնպիսի ռազմավարական ոլորտների վրա, ինչպիսին է ՏՏ ոլորտը: Հարկային արտոնությունների վերացումը կարող է հանգեցնել մասնագետների արտահոսքի և ոլորտի մրցունակության անկման:
Ապագայում կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն: Այն պետք է միտված լինի ոչ միայն հարկային մուտքերի ավելացմանը, այլ նաև բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խրախուսմանը և տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Պետք է նաև հաշվի առնել արտաքին գործոնները, ինչպիսին էր, օրինակ, Ռուսատանից կապիտալի, հետո նաև ոսկու տարանցումը, որը ժամանակավորապես բարելավեց տնտեսական ցուցանիշները: Սակայն նման արտաքին գործոնները չպետք է շեղեն ուշադրությունը երկարաժամկետ կայուն զարգացման անհրաժեշտությունից:
Վերջապես, կարևոր է շարունակել մոնիթորինգի ենթարկել հարկային համակարգի արդյունավետությունը և ճկուն արձագանքել փոփոխվող տնտեսական իրավիճակներին: Միայն այս կերպ Հայաստանը կկարողանա հաղթահարել ներկայիս մարտահրավերները և ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ ու բարեկեցություն:
Ավելին`   tvyal.com