Ինչպիսի՞ն են ԱՄՀ կանխատեսումները՝ «ալեկոծվող» Մերձավոր Արևելքի երկրների տնտեսությունների մասով

Մինչ աշխարհը «շունչը պահած» սպասում է Մերձավոր Արևելքում հերթական պայթունավտանգ իրավիճակի զարգացմանը, Արժույթի միջազգային հիմնադրամը տարածաշրջանի երկրների տնտեսական աճերի հեռանկարների մասով արել է իր կանխատեսումները։

Կանխատեսումներում ներառված չեն 3 երկիր՝ Սիրիան, Լիբանանը և Պաղեստինը։ Երեք երկրներում էլ տնտեսությունը հավասարեցված է հողին և որևէ բարելավում ներկայիս առճակատման իրավիճակում չի կանխատեսվում։

Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2024 թ․ առավելագույն տնտեսական աճ արձանագրվելու է

  • Բահրեյնում՝ 3․57%,
  • ԱՄԷ-ում՝  3․1%,
  • Թուրքիայում՝ 3․1%։

Նվազագույն աճերով աչքի են ընկնում Օմանը՝ 1․19%, և Իրաքը՝ 1․38%։ 2024թ․ խոր անկում դիտվելու է Սուդանում՝ -4․2%։

2025թ․ համար կատարված կանխատեսումներում բոլոր երկրներում աճեր են դիտվելու, սակայն, մեր խորին համոզմամբ, այս աճերը խիստ փխրուն են երևում ներկայիս չափազանց անկայուն իրավիճակում։

Այդուհանդերձ, փաստենք, որ առավելագույն աճեր 2025թ․ դիտվելու են.

  • Սաուդյան Արաբիայում՝ 5․97%,
  • Իսրայելում՝ 5․4%,
  • Սուդանում՝ 5․4%,
  • Իրաքում՝ 5․31%։

Կարևոր է նաև ուշադրություն դարձնել տնտեսության աճի կայունությանը։ Այս մասով 2023, 2024 և 2025թթ. կանխատեսումներով տնտեսական աճի կայուն տեմպեր արձանագրվել են Կիպրոսում, Հորդանանում և Քաթարում։ Վերջիններիս մասով տրված տնտեսական աճի կանխատեսումները նշված երեք տարիներում տատանվել են համապատասխանաբար՝ 2․68%-ի, 2․73%-ի և 1․85%-ի շրջաակայքում։

Այսպիսով, հարկ ենք համարում նշել, որ Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի պահպանումը կասկածի տակ է դնում վերոնշյալ կանխատեսումների պահպանումը։ Ավելին, տարածաշրջանից եկող բացասական ազդակները կարող են ազդել նաև Հարավային Կովկասում տնտեսական իրավիճակի վրա։

Ավելին` banksnews.am