Իջևանում կայացել է էներգաարդյունավետության էքսպո
«Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» նախաձեռնության մարկեթինգային արշավի շրջանակում Իջևանում կազմակերպվել էր Էներգաարդյունավետության էքսպո, որի նպատակն էր նպաստել տեղական համայնքների և տնային տնտեսությունների շրջանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և փորձի իրազեկմանն ու կիրառմանը։ Այս մասին տեղեկացնում են GIZ Armenia-ից։
Էքսպոյի ընթացքում բացվել էին 10 տաղավարներ՝ ներկայացնելով էներգաարդյունավետ վառարաններ, արևային վահանակներ, տեղական արտադրության արևային ջրատաքացուցիչներ, տների ջերմամեկուսուցաման տարատեսակ նյութեր, կենսազանգվածային բրիկետներ։ Բոլոր տաղավարները նվիրված էին էներգաարդյունավետ տարատեսակ արտադրանքներին և տեղեկատվական նյութերին: Էքպոյում ներկայացված էին նաև բանկեր՝ տեղեկացնելու բնակչությանը վարկերի և այլ ծրագրերի միջոցով հասանելի ֆինանսական տարբեր հնարավորություններ:
Նախաձեռնությունը իրականացվել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության կողմից «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս: