Մեկնարկել է «Արտահանման մարքեթինգի վերաբերյալ դասընթացներ և խորհրդատվական ծառայություններ՝ ագրոբիզնեսի ՓՄՁ-ների համար» ուսումնական ծրագիրը

Միջազգային առևտրի կենտրոնն (ITC) այսօր մեկնարկել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Արտահանման մարքեթինգի վերաբերյալ դասընթացներ և խորհրդատվական ծառայություններ՝ ագրոբիզնեսի ՓՄՁ-ների համար» ուսումնական ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի զինել ագրոբիզնեսի ՓՄՁ-ներին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ գլոբալ շուկայում՝ հատկապես ԵՄ-ում հաջողելու համար: Իրականացվելով Բիզնեսի աջակցության կենտրոնի կողմից, ծրագիրն առանցքային պատրաստություն է 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք SIAL Paris սննդամթերքի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համար։
«Տեղական բիզնեսների խթանմանն ուղղված այս ծրագիրն ունի մեծ կարևորութուն։ Ծրագիրը կօգնի փոքր ձեռնարկություններին ավելի լավ հասկանալ ԵՄ շուկան, բարելավել իրենց մարքեթինգային հմտությունները և ամրապնդել հաղորդակցման և բանակցային կարողությունները: Այս բիզնեսներով է պայմանավորված Հայաստանի տնտեսական աճը, և նրանց հաջողությունն առանցքային է առևտրի բարգավաճ ապագայի համար», - նշել է Կարեն Ազարյանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատուն։