Մխիթար Հայրապետյանն այցելել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակ: Այս մասին ԲՏԱ նախարարը գրառում է կատարել Ֆեյաբուքի իր էջում։

ServiceTitan ընկերությունը հայ հիմնադիրներ ունեցող առաջին Unicorn ընկերությունն է, որն ամպային և շարժական ծրագրային լուծումներ է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ԱՄՆ-ում և Կանադայում։
Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանի ուղեկցությամբ, փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ Մխիթար Հայրապետյանը շրջել է ընկերության գրասենյակում, ծանոթացել վերջին տարիների ձեռքբերումներին, նոր ծրագրերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտին աջակցող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։
«Հատկանշական է, որ Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի` 2012-ին հիմնադրած ServiceTitan-ը հեղինակավոր Forbes պարբերականի կազմած՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտի 100 լավագույն մասնավոր ընկերությունների ցանկում 6-րդն է», – գրել է Մխիթար Հայրապետյանը։