Երևանյան լճի լողացող արևային կայանը հաջող փորձարկումներից հետո լիցենզիա է ստացել
Երևանյան լճի լողացող արևային կայանը 11 ամիս փորձնական ռեժիմով աշխատելուց հետո էլեկտրաէներգիա գեներացնելու լիցենզիա է ստացել: Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Կայանը կառուցվել է Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության հիմնադրամի ծրագրի շրջանակներում, որը ցանկանում է երկրի էներգետիկայում նոր տեխնոլոգիա ներդնել (լողացող կայանը առաջինն է դարձել ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում): Առանձնահատկությունն այն է, որ ջրի վրա վահանակներն ավելի արագ են սառչում (սա կարևոր է, քանի որ գերտաքացման դեպքում դրանց արդյունավետությունը նվազում է):
Ծրագրի իրականացման վաղ փուլում հիմնադրամի գնահատումը ցույց էր տալիս, որ կայանը կարող է տարեկան արտադրել մոտ 250 հազար կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչ և նախագծի ղեկավար Տիգրան Կարապետյանը, իրական ծավալը սպասվածից շատ չէր տարբերվում (հաշվի առնելով, որ կայանը աշխատել է ոչ ամբողջ տարին)։
Հայկական շուկայի չափանիշներով` կայանում էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բավականին բարձր է։ Այն կառուցել են Ֆրանսիական զարգացման գործակալության դրամաշնորհով, որն էլ որպես նախագծի մշակող ընտրել է ֆրանսիական Nepsan ընկերությանը։ Վերջինս ընտրել է եվրոպական բաղադրիչներ, այսինքն՝ որակյալ, բայց ոչ շատ էժան։
Պակաս թանկ անալոգների դեպքում, Կարապետյանի խոսքով, նման կայանների ֆինանսական արդունավետությունը գրեթե համեմատելի է ցամաքային կայանների հետ։ Ճիշտ է, այդ սարքավորումներին գնի հաշվին նաև երաշխիքային ժամկետ է նշվում։
«Ֆրանսիացիները լողացող կայանների փորձ ունեն, իսկ մեզ համար դա նորություն է։ Դրա համար էլ նրանք առաջարկեցին նախագիծը, մենք էլ կայանը նրանց հսկողության տակ տեղադրեցինք։ Հիմա, երբ անհրաժեշտ է լինում, նրանք առցանց ռեժիմով մեզ խորհրդատվություն են տրամադրում», - հավելեց մասնագետը։
Հաշվի առնելով, որ նախագիծը ոչ առևտրային է, պետությունը դրա համար արտոնյալ պայմաններ է նախատեսել. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտավոր են 20 տարվա ընթացքում երաշխավորված կերպով կայանից գնել ամբողջ էներգիան ֆիքսված սակագնով (որը նույնպես շուտով կհաստատվի):
Նախկինում նման ռեժիմ բոլոր արևային կայաններին էր առաջարկվում, հետագայում (երբ հանրապետությունում դրանք բավականին շատացան) դադարեցին նման երաշխիք տալ նոր նախագծերին (գործողների համար այն թողնելով)։ Այս կայանը արտոնություն կստանա շահույթ չհետապնդող կայանների համար նախատեսված բացառության տեսքով (դրան հատկացվել է 15 մեգավատ գումարային քվոտա)։
Միջազգային դոնորները առհասարակ հետաքրքրված են նոր` լողացող կայանների ֆինանսավորմամբ` հատկապես հաշվի առնելով այն, որ նախագծի համար տեղ ընտրելիս հիմնադրամը ֆրանսիացիների հետ միասին մոտավոր գնահատականներ է կազմել երկու այլ ավազանների՝ Ապարանի և Ազատի ջրամբարների համար: Բայց կոնկրետ նախագծեր դեռ չեն քննարկվում։
Ավելին` armenia.sputniknews.ru