Հաստատուն քայլերով մտնում ենք անշարժ գույքի շուկայի ճգնաժամի և կոլապսի մեջ. Կարապետ Հովհաննիսյան
Հայաստանի անշարժ գույքի շուկայում լճացում է։ Նույնիսկ պաշտոնական տվյալներով առքուվաճառքի թվերը նվազել են, ի՞նչն է պատճառը։
Վերնշյալ հարցի և շուկայի խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցեց անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանի հետ։
Կ. Հովհաննիսյան-Երբ ես կանխատեսում էի այս իրավիճակը, ասում էի, որ առաջարկը շատ-շատ է, հաշվարկը սխալ է ու պետք է թողնել սահուն գնանկմամբ կայունացում, ոչ թե մի կողմից կառուցապատողներին մոլորեցնել, մյուս կողմից՝ հասարակությանը։ Երբ անընդհատ ասում էի՝ թողեք սահուն անկում և՛ պետական մարմինները, Կադաստրի կոմիտեն, և՛ ԿԲ -ն և կառուցապատողները, և՛ կառուցապատողների ստեղծած անշարժ գույքի գործակալները համառում էին՝ մանիպուլյատիվ վիճակագրությամբ անընդհատ փորձելով համոզել հակառակը ։
Մի բան է, եթե դա մարքեթինգային և հոգեբանական հնարք էր՝ մարդկանց ապակողմնորոշելով փորձել վաճառել ( ընդ որում եթե դա այդպես էր պետության կողմից նման արարքը անընդունելի է ) մի այլ բան էր, որ իրենք էլ իրենց ասածին հավատում էին։ Տեսեք, եթե վաճառքի հնարք էր, և իրենք էլ գիտեին իրավիճակը, պետք է պատրաստվեին, բայց փաստացի ստացվում է, որ գործ ունենք ոչ մասնագիտական, վերլուծական կարողությունների բացակայությամբ պաշտոնների հասած ինչ-որ մարդկանց հետ և՛ պետական, և՛ մասնավոր սեկտրում, փաստացի հերթական չկառավարման հետ։
Մյուս կողմից էլ, դատելով պետության կատարած քայլերից, իհարկե, հասկանում ես, որ իրենք իրականում լավ էլ կանխատեսում էին անխուսափելի անկումը։ Մասնավորապես Երևանում կառուցապատման տուրքերի ու հարկերի անհամաչափ բարձրացմամբ փորձեցին կանխել ավելացող առաջարկը, վարձակալության պայմանագրերի պարտադիր հարկային հայտարարգրումով փորձեցին 10 % ով կանխել վարձերի գնանկումը, որը իր հերթին ուղիղ կապված է վաճառքի գների հետ։
Իսկ թե ինչու թույլ չտվեցին սահուն կարգավորում՝ իրենք պետք է պատասխանեն։ Ես բազմիցս ասել եմ, երբ անշարժ գույքի գները սահուն կարգավորման չի գնում, հետո լինում է քաոտիկ իրավիճակ և ինչ-որ պահի անպայման ավելի է իջնելու, քան իրականում կիջներ։ Իմ ասածները դարձան իրականություն, եթե արդեն պաշտոնական վիճակագրությունն էլ է խոսում։ Դրա մասին վկայում են նաև վերջին մեկ շաբաթում կառուցապատողների կողմից անշարժ գույքերի ագրեսիվ գնիջեցմամբ գովազդները։
Հիմա այլ բան եմ ասում, որ, վստահ եմ, էլի չեն լսելու։ Հաստատուն քայլերով մտնում ենք ճգնաժամի և կոլապսի մեջ։ Սա եթե ոչ ժամերի, ապա օրերի հարց է, ու սրան անհրաժեշտ է պատրաստվել՝ նվազագույն վնասներով դուրս գալու համար, փլուզում չունենալու համար, քանի որ փլուզումը շղթայական ռեակցիա կբերի ամբողջ տնտեսության մեջ, որը երկար ժամանակ խելքի չի գա ...
Մյուս կողմից՝ որքան էլ կառուցապատողները քննադատվել են , իրենք այսօր օգնության կարիք ունեն, պետք է պետությունը համակարգված մոտեցում ցուցաբերի առաջարկ անի ու փորձեն վաճառել ու ավարտել
Panorama.am-Ինչպե՞ս կգնահատեիք առաջնային և երկրորդային շուկայի վիճակը։
Կ. Հովհաննիսյան -Առաջնային շուկայում փասթացի ունենք լճացում, պահանջարկ կա, բայց ոչ այս գնով, այլ՝ գնողունակ։ Երկրորդային շուկայում մի փոքր այլ է, այստեղ պետք է բաժանել երկու մասի՝ երկրորդային նորակառույցներում, որտեղ ահռելի մեծ քանակի վերավաճառքի գույք կա և հին շենքերի, որտեղ անտրամաբանական մոտեցում կա։ Իրենք 40-80 տարվա մաշված շենքերում առաջարկը փորձում են համեմատել նորակառույցների հետ։
Իսկ վերավաճառողների մոտ կա մի տեսակ խաղացողի ազարտ, իրենք ինչ-որ X գումարով գնել են գույք, մինչ այս պահը կարող էին կրկնակի արժեքով վաճառել և շահած դուրս գալ, բայց փորձում էին եռակի արժեքով վաճառել։ Սա նորից պետության վարած մոլորեցնող քաղաքականության արդյունքն էր։ Հիմա պետք է հասկանալ, այնպես, ինչպես խաղատանը ճիշտ ժամանակին դուրս չգալուց կարող ես մնալ ձեռնունայն, այդպես էլ այստեղ է։ Բայց հիմա իրենց մասը պետք է բաց թողնել, գույք է կմնա, կոգտագործեն ։ Հիմա քաղաքի և տնտեսության համար պետք է օգնել վաճառել առաջնայինը ։
Ավելին՝ panorama.am