«Որոշումն ընդունել են, որ խաղողագործության ոլորտն էլ ավելի վատ վիճակում չհայտնվի»․ Ա․ Հարությունյան
Վերամշակողներին կտրամադրվի մինչև հիսուն տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա արտահանված արտադրանքի արժեքը։
Կառավարությունն այս որոշումը ընդունել է այն բանից հետո, երբ մի քանի ընկերությունը դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ տեղեկացնելով, որ վնասներ են կրում ոչ միայն դրամի կտրուկ արևորման հետևանքով՝ դժվարանալով սպասարկել արտարժույթով վարկերը, այլև՝ Վերին Լարսի անցակետի հաճախ փակ լինելու, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Արդյունքում, դժվարությունների առջև են կանգնում վարկերը սպասարկելիս և խնդիրները մեղմելու համար ակնկալում են կառավարության աջակցությունը:
Եթե հետադարձ հայացք նետենք, ապա կարող ենք փաստել, որ տարիներ շարունակ խաղողի մթերման շուրջ խնդիրները ենք ունեցել, և տարբեր տարիների պատասխանատուները փորձել են կարճաժամկետ լուծումներ տալ դրանց, այն պարագայում, երբ ոլորտը ռազմավարության և երկրաժամկետ լուծումների կարիք ունի։
Ինչևէ, կառավարության հերթական որոշման կապակցությամբ ejc.am-ի թղթակիցը զրուցել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ։
Նրա խոսքով, բանկային երաշխիքի մասով աջակցությունը տրվում է մի քանի խաղող վերամշակող խոշոր ընկերությունների, որոնք հիմնականում զբաղված են կոնյակի արտադրությամբ: Այս որոշմամբ կառավարությունը ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին դնում է անհավասար մրցակցության մեջ։
«Ստացվում է, որ կառավարության աջակցությունը ստացող ընկերությունները կարող են ավելի հեշտ ձեռք բերել հումք, քան մնացած ընկերությունները, և ստանալ ավելի էժան արտադրանք։ Կառավարությունն այս որոշմամբ, բացի ոլորտում անհավասար մրցակցությանը նպաստելուց, մնացած ընկերություններին դնում է ծանր դրության մեջ»,- ասաց նա և հավելեց, որ այս որոշումն ամենևին էլ նորարարական չէ, այլ նախկին քաղաքականության շարունակությունն է։
«Այսօր ևս, մեծ հաշվով շարունակվում է խաղողի մթերման ոլորտում նախորդ կառավարությունների քաղաքականությունը․ ամեն գնով հարցին տալ սոցիալական երանգ, փոխարենը չտալ տեխնոլոգիական, կամ, որ ամենակարևորն է, երկարաժամկետ կտրվածքով բյուջեի հարկերն ավելացնող լուծում։ Տվյալ որոշումն այս փուլում կօգնի խաղող արտադրողներին խուսափել խաղողի մթերման հետ կապված խնդիրներից։ Կարճ ասած, կառավարությունն իր կարճաժամկետ լուծումների շնորհիվ ոչ միայն չի նպաստում ոլորտի զարգացման կայուն հիմքերի ստեղծմանն, այլև աջակցում է ոլորտում ոչ առողջ մրցակցությանը»,- ասաց Ա․ Հարությունյանը։
Ավագ Հարությունյանը խաղողագործության և գինեգործության նման ներկան պայմանավորում է նաև անկախությունից հետո ոլորտում ստեղծված իրավիճակով, երբ խաղող մշակողները հրաժարվեցին անցնել ավելի արդյունավետ, որակյալ, նոր տեսակի խաղողի աճեցմանը։ Թեև առաջարկվեց հին այգիները փոխարինել նորով և արտադրել ավելի որակյալ խաղող, մշակողները չգնացին դրան, քանի որ վստահ էին, որ պետական աջակցությամբ հաջորդ տարիներին ևս կարողանալու են իրացնել բերքը։ Այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում», - համոզված է մասնագետը։
Նա անդրադարձավ նաև էժանագին կոնյակի արտադրության պատճառներին: Ըստ նրա, կոնյակի մեկ շիշն արժե մեկ դոլար, այն դեպքում, երբ կոնյակի մեկ շշի ինքնարժեքը երեք դոլար է։ Իսկ թե ինչո՞ւ և ինչպե՞ս է էժանագին կոնյակ արտադրվում և իրացվում, պնդեց, որ այս վիճակը դեռևս ձեռնատու է բոլոր կողմերին՝ արտադրողներին, պետությանը, նաև ներմուծող երկրին՝ մեծ հաշվով, Ռուսաստանին։
«Ռուսաստանը կոնյակի գլխին մահակով կանգնած է և ցանկացած պահի կարող է հարվածել, քանի որ էժանագին կոնյակից, կոնյակի սպիրտից շահում են թե Ռուսաստանը, թե հայկական որոշ շրջանակներ, ու քանի որ ոլորտը եկամտաբեր է, ապա այս իրավիճակը կշարունակվի»,- ասաց նա՝ հավելելով, որ արդյունքում հայկական կոնյակի հեղինակությունն ընկել է և եթե կոնյակ բառը դուրս մղվի որպես անվանում, ապա «տակը բան չի մնա»։
Երկարաժամկետ լուծումներ, ոլորտի զարգացման տեսալական ու ռազմավարություն չունենալու արդյունքում խաղող արտադրողները շարունակում են արտադրել անորակ խաղող՝ ցավով նշում է Գինեգործների միության նախագահն ու առաջարկում խաղողի այգիները թարմացնել, ոլորտում որակի վերահսկողություն սահմանել, որպեսզի արտադրվի որակյալ խաղող, հսկվի խաղողի հումքի ներկրումը և բացառվել էժանագին կոնյակի սպիրտի արտահանումը;