Ծագման երկրից Հայաստանը դարձել է միգրանտներ ընդունող երկիր
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է ՀՀ սահմանային ելքերի և մուտքերի տարբերությունները։
Ըստ Իրինա Դավթյանի` ներկայում ՀՀ-ում օրինական բնակության կամ վավեր կացության իրավունքով մոտ 40 000 ՌԴ քաղաքացի է բնակվում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների թվի ավելացումը սկսել է 2022 թվականին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ։
Հնդկաստանի քաղաքացիների ներհոսքը շարունակվում է։ 2023 թվականին տրամադրվել է 29 815 մուտքի վիզա, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 31 924։ Կացության կարգավիճակի թվերը նվազել են, քանի որ շատացել են օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու հետ կապված մերժումները։
2024-ի առաջին կիսամյակի ընթացքում Հնդկաստանի քաղաքացիներին տրամադրվել է 858 կացության կարգավիճակ։
ՀՀ քաղաքացիների՝ ելքի ուղղությամբ սահմանահատումների պատկերը այլ է․ 2023-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից մեկնել է 26 հազար քաղաքացի՝ ի տարբերություն 2024-ի առաջին կիսամյակի տվյալների՝ 23 հազար քաղաքացի։