Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ քաղաքացիական միջուկային էներգիայի վերաբերյալլ համաձայնագիր կնքելու համար
Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ քաղաքացիական միջուկային էներգիայի վերաբերյալլ համաձայնագիր կնքելու համար։ Այս պահին ԱՄՆ-ը 23 նման համաձայնագիր է կնքել տարբեր երկրների և իրավասությունների հետ։ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքելու համար։ ejc.am-ի հարցմանն ի պատասխան, այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները թևակոխել են առարկայական փուլ, սակայն այս ուղղությամբ կոնկրետ գործողությունների մասին չի նշել։ Խոսքը համագործակցության համաձայնագրի մասին է, որն ԱՄՆ-ը կնքում է ԱՄՆ ատոմային էներգիայի մասին օրենքի շրջանակներում։
Համաձայնագիրը ստորագրելու համար ԱՄՆ-ի գործընկեր երկիրը պետք է համապատասխանի այս օրենքի 123-րդ հոդվածի չափանիշներին, ինչի համար էլ այս համաձայնագրերը համառոտ անվանում են 123–րդ համաձայնագիր։ Նշենք, որ այս պահին ԱՄՆ-ն 23 նման համաձայնագիր ունի կնքած տարբեր երկրների ու իրավասությունների հետ։
Դրանց թվում են Միացյալ Նահանգների դաշնակիցները (Եվրամիությունն՝ ի դեմս Եվրոատոմ կազմակերպության, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ճապոնիան և այլն)։ Բայց ցանկում կան երկրներ, որոնք այս ոլորտում ակտիվորեն համագործակցում են նաև Ռուսաստանի հետ, դրանց թվում են` Հնդկաստանը, Թուրքիան և Չինաստանը, որը նույնպես սարքավորումներ է գնում «Ռոսատոմ» կորպորացիայից (խոսքը կոնկրետ ՉԺՀ-ի մասին է, քանի որ Թայվանի հետ ԱՄՆ-ն ունի առանձին համաձայնագիր):
Եվ վերջապես, ԱՄՆ-ը նման համաձայնագիր ունի նաև Ռուսաստանի Դաշնության հետ (քանի որ ԱՄՆ-ը մինչև վերջերս շարունակում էր գնել ռուսական ուրանը)։