Microsoft-ը Windows-ից կհեռացնի Control Panel-ը

Microsoft-ը ծրագրել է հեռացնել կառավարման վահանակը (անգլ.՝ Control Panel) Windows-ի ապագա տարբերակներից։

Control Panel-ը Windows-ի բաղադրիչ է, որն անհրաժեշտ է համակարգի կազմաձևման, ծրագրերի հեռացման, օգտվողների ավելացման և այլ գործողություններ կատարելու համար: Microsoft-ը հաստատել է, որ ՕՀ-ի այս մասը  Windows-ից մոտ ապագայում կվերանա։

Այն հայտնվել է 1985 թվականին Windows 1.0-ի թողարկմամբ: Ըստ Neowin-ի լրագրողների՝ Microsoft-ը մտադիր է 40-ամյա բաղադրիչը փոխարինել Settings հավելվածով, որով օգտատերերն արդեն կարող են փոփոխություններ կատարել համակարգի կարգավորումներում։ Հրապարակման հեղինակները հիշեցրել են, որ կառավարման վահանակի հեռացման մասին լուրերը հայտնվել են դեռևս 2011-ին։

«Մենք այս հնարավորությունը չեղարկելու գործընթացում ենք՝ հօգուտ «Կարգավորումներ» (անգլ.՝ Settings) հավելվածի, որն առաջարկում է ավելի ժամանակակից և պարզեցված փորձ»,- ասվում է Windows-ի աջակցման էջում: Միևնույն ժամանակ, Microsoft-ը խոստովանել է, որ ավելի վաղ չի հրաժարվել գործիքից այն պատճառով, որ ոչ բոլոր ֆունկցիոնալ բաղադրիչներն են տեղափոխվել «Կարգավորումներ»: