Սեպտեմբերի 11-ից 13-ը Հայաստանում տեղի կունենա գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը
Հայաստանը, շնորհիվ իր գինեգործության հարուստ և հնագույն պատմության, 2024 թվականին ընտրվել է ՄԱԿ Զբոսաշրջության (UN Tourism) կողմից կազմակերպվող հեղինակավոր «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը հյուրընկալող երկիր։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից` համաժողովը կծառայի որպես նոր համագործակցությունների հնարավորություն՝ պետական կառույցների, տարածքային կառավարման կազմակերպությունների, համաշխարհային և միջկառավարական մարմինների, գինու միջազգային փորձագետների և ոլորտի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների միջև` ի նպաստ Հայաստանի գինեգործական մշակույթի նորացմանն ու զարգացմանը։
Հայաստանը իր գինեգործական հնագույն պատմությամբ, ավանդույթներով, բազմաթիվ տերուարներով ու խաղողի որթի տարատեսակներով՝ կատարյալ վայր է 2024 թվականի համաժողովն իրականացնելու համար:
Հայ գինեգործները հնարավորություն կունենան ներկայացնելու գինեգործական ժառանգությունը և կիսվելու փոձով։ Համաժողովի ընթացքում ներկաներին բացառիկ հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել աշխարհի հնագույն գինեգործարանը՝ Արենի-1 քարանձավը, որը մինչ օրս բացահայտված գինեգործարաններից ամենահինն է՝ 6100 տարեկան։
«Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ՄԱԿ-ի Գինու տուրիզմի զբոսաշրջության համաշխարհային 8-րդ համաժողովը։ Հազարամյա գինեգործական ավանդույթներով և հարուստ մշակութային ժառանգությամբ Հայաստանը եզակի դիրք ունի՝ ցուցադրելու իր նորարարական փորձը և գինու բացառիկ մշակույթը: Այս համաժողովն առաջարկում է եզակի հարթակ՝ համագործակցության, ուսանելու և գինու զբոսաշրջության վերաբերյալ համաշխարհային դիսկուրսի առաջխաղացման համար» - նշել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը։
ՄԱԿ-ի զբոսաշրջության շուկայի հետախուզության, քաղաքականության և մրցունակության տնօրեն Սանդրա Կարվաոն նշել է․
«Գինու զբոսաշրջությունը սերտ կապված լինելով մշակույթի և տարածքի ինքնության հետ վճռորոշ դեր ունի գյուղերի հզորացման և համայնքների զարգացման գործում՝ խթանելով երկրի ներսում տարբեր ուղղությունների զբոսաշրջային առաջարկների տարորոշմանը։ Համաժողովը ոչ միայն խթան է հանդիսանում նոր համագործակցությունների և գիտելիքների փոխանակման, այլ նաև մատնանշում է Հայաստանի գինու հարուստ ժառանգությունը, ժողովրդին և մշակույթը»:
Գրանցումները բաց են այն անձանց և կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են մասնակցել գինու զբոսաշրջության և նրա առանցքային դերի վերաբերյալ համաշխարհային երկխոսությանը։
Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://www.unwto.org/8-UN-Tourism-Global-Conference-Wine-Tourism
ԶԼՄ-ներին հավատարմագրում ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ստորև նշված հղումով՝ https://docs.google.com/forms/d/1pqoLKKOxvmnQWf4Os_TfMZVnJK9qzkuEInvH_Dq0XlA/edit
Զբոսաշրջության կոմիտեից խնդրում են հավատարմագրման գործընթացն ավարտել մինչև 2024թ․ սեպտեմբերի 1-ը և նկատի ունենալ, որ միջոցառման բացառիկ լուսաբանման հնարավորություն կունենան միայն ԶԼՄ-ների հավատարմագրված աշխատակիցները: