Եվրոպայի գազի պաշարները կարող են չբավարարել չնախատեսված հանգամանքների դեպքում

Եվրոպական գազապահեստարաններում պաշարները կարող են չբավարարել ձմռանը չնախատեսված հանգամանքների, այդ թվում՝ կտրուկ ցրտի կամ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների դադարեցման դեպքում:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում գազապահեստարաններն արդեն գրեթե 90%-ով լցված են՝ նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս առաջ: Եվ այս պահուստները պետք է բավարար լինեն, բայց միայն այն դեպքում, եթե «անսպասելի բան տեղի չունենա»: Գործակալությունը նշում է, որ պաշարների զգալի մասը մնացել է անցած ձմռանից՝ պայմանավորված սպասվածից շուտ եղանակի տաքացմամբ: Այս սեզոնին իրավիճակը կարող է ճիշտ հակառակը լինել, և անսպասելի ցրտի դեպքում Եվրոպայում գազը չբավականացնի:

Բացի այդ, այս տարի Եվրոպան չունի հեղուկացված բնական գազի նույն տպավորիչ պաշարներն, ինչ 2023-ին: Դրա ներմուծումը Եվրոպա այս ամառ նվազել է 15-20%-ով՝ համեմատած նախորդ երկու տարիների հետ, քանի որ ասիական երկրները համաձայնել են գնել այն մատակարարների համար ավելի բարենպաստ գներով:

Մեկ այլ գործոն, որը կարող է հանգեցնել գազի դեֆիցիտի Եվրոպայում, վառելիքի մատակարարումն է Ռուսաստանի Դաշնությունից: Դեկտեմբերին ավարտվում է պայմանագրի ժամկետը, որով Ռուսաստանը Ուկրաինայի տարածքով գազ է արտահանում ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Հունգարիա: Եթե ​​այն չերկարացվի, ապա այս երկրներում էներգամատակարարման իրավիճակը կվատթարանա:

Աղբյուրը`   b24.am