SPUTNIK Արմենիա. Էլեկտրամոբիլների գների նվազումը ավելի մատչելի է դարձրել դրանք ՀՀ շուկայի համար. Դերձյան

Համաշխարհային շուկայում էլեկտրամոբիլների գների նվազումն ավելի մատչելի է դարձրել դրանք հայաստանյան շուկայի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Էլեկտրամոբիլների զարգացման նախագծի հիմնադիր Կարեն Դերձյանը։

«Այս պահին մոտ 4 մլն դրամից սկսած կարելի է նոր էլեկտրական մեքենա գնել, ինչը ներքին այրման շարժիչով մեքենաների դեպքում հայկական շուկայում հնարավոր չէ։ Այնպես որ, գները երևի ամենալուրջ ազդեցությունն ունեն ներմուծման ու վաճառքի քանակների ավելացման վրա»,– նկատում է մեր զրուցակիցը։

Կարեն Դերձյանի կարծիքով` երկրորդ գործոնը, որը կարող է հանգեցնել վաճառքի ծավալների ավելացման, էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաների համար սահմանված ժամկետի ավարտին մոտենալն է։
Բանն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար ամեն տարի սահմանվում է էլեկտրամոբիլների ներմուծման քվոտավորված խմբաքանակ, որն ազատվում է մաքսատուրքից։ ԵԱՏՄ որոշման ժամկետն ավարտվում է 2026 թվականին, և, եթե նոր որոշմամբ ժամկետը չերկարացվի, 2026 թ–ի հունվարի 1-ից ՀՀ ներմուծված էլեկտրամոբիլ ներկրողներն ստիպված կլինեն մաքսատուրք վճարել, ինչը զգալիորեն կավելացի դրանց ինքնարժեքը, հետևաբար նաև շուկայական գինը։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն` այս տարվա համար սահմանված 8000 ավետամեքենաների քվոտայից մնացել է ընդամենը 2563-ը։
Նախորդ տարիների համեմատ սա բավական լավ ցուցանիշ է, քանի որ մինչև հիմա Հայաստանը երբևէ ամբողջությամբ չի սպառել իրեն հատկացված քվոտան։ 2023թ–ին, օրինակ, սահմանված 8 000 քվոտայից ներմուծվել է 5000-ը, իսկ 2022թ–ին`7000 –ից ընդամենը 2 680–ը։
Կարեն Դերձյանից հետաքրքրվեցինք` կարո՞ղ է արդյոք ներմուծման ծավալների ավելացումը պայմանավորված լինել քվոտայի ժամկետի ավարտով. այսօր էժան ներկրում են` 1 տարի հետո շատ ավելի թանկ վաճառելու նպատակով։
«Չեմ կարծում, որովհետև գրեթե բոլոր ներկրողները մեքենաների մի մասը նույնիսկ ճանապարհից են վաճառում` դեռ Հայաստան չհասած։ Այնպես որ, շուկայում պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը»,– պատասխանեց ոլորտի մասնագետը։

Ավելին` armenia.sputniknews.ru