ՀՀ–ում այս տարի դեղերի շրջանառության ոլորտում 3 մլրդ դրամի տույժ–տուգանք է կիրառվել. ԱԱՏՄ
Հայաստանում այս տարի դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում 3 մլրդ դրամի տույժ–տուգանք է կիրառվել տնտեսվարողների նկատմամբ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
«Տուգանքների հիմնական մասը (2,9 մլրդ դրամ) վերաբերում է Հայաստանում չգրանցված կամ օրենքի խախտմամբ ներկրված դեղերի իրացմանը։ Նման դեպքերում յուրաքանչյուր անվանման դեղի մինչև 5 փաթեթ վաճառքի համար նախատեսված է 1 միլիոն դրամի տուգանք, 5 տուփից ավելի վաճառքի դեպքում` 2 միլիոն դրամ», – ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` այս տարվա ցուցանիշը մոտ 6 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից. 2023–ին մոտ 500 մլն դրամի տույժ–տուգանք է կիրառվել տնտեսվարողների նկատմամբ։
ԱԱՏՄ ղեկավարը նշեց, որ բացի վերը նշված դեպքերից, տուգանքներ են կիրառվում նաև ժամկետանց դեղերի և առանց դեղատոմսի դեղերի վաճառքի դեպքում: Նմանատիպ իրավիճակներոմ տուգանքը կազմում է համապատասխանաբար 100 հազար և 5 հազար դրամ ։
Սարգսյանի խոսքով` մեծ խնդիր են նաև օնլայն հարթակները, որոնք դեղեր են վաճառում առանց համապատասխան լիցենզիայի։ Նման դեպքերում չգրանցված կամ նույնիսկ կեղծ դեղ ներկրող անձն անհայտ է։ Տեսչությունը հորդորում է ձեռնպահ մնալ նման գնումներից։
Աղբյուրը` armenia.sputniknews.am